հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գավառի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել․ Հետք

Գավառի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել․ Հետք

Երեկ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Մկրտչյանի կողմից հարցաքննվել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը: Այս մասին գրում է hetq.am-ը։

Քննիչը գրությամբ հայտնել է, որ լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2014թ. մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ մայիսի 8-ին կնոջը ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանի գործով դատաքննությունից հետո վերջինիս սատարող Ռոբերտ Ահարոնյանը (լուսանկարում) հարձակվել էր իրավապաշտպանների և լրագրողների վրա՝ հայհոյելով և սպառնալով նրանց։

Գործով հարցաքննվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտած տաքսու վարորդ Արմեն Ղևոնդյանը և Ռոբերտ Ահարոնյանը։

Ինչպես նշում է hetq.am-ը, հարցաքննության ընթացքում քննիչը նշել է․ «Դուք էլ եք բզբզացել, ինքն ասել է ինձ մի նկարի, դուք նկարել եք»:

«Քննիչի կանխակալ գնահատականին ի պատասխան՝ «Հետքի» լրագրողը հրաժարվել է շարունակել ցուցմունքը՝ նշելով, որ քննիչն արդեն իսկ դիրքորոշում ունի նախաքննության փուլում: Հ. Մկրտչյանը ներողություն է խնդրել լրագրողից և խնդրել պատասխանել իր հարցերին», – նշում է կայքը: