Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ հունիսի 18-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում, իհարկե, քննարկվել է ԼՂ հակամարտությունը, որում Ռուսաստանն ի սկզբանե հատուկ դիրքորոշում էր զբաղեցնում, թեև հակամարտության սկզբնական փուլում Ռուսաստանն անգամ դրա վրա բացասական ազդեցություն է ունեցել։ APA գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
Այնուհետև, Ազիմովի խոսքով, Ռուսաստանը, քննարկմանը մասնակցելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերանայել է Ղարաբաղի հարցի նկատմամբ իր վերաբերմունքն ու մշակել «միասնական մոտեցում»։
«Ինչպես հասկանում եմ, տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական հարցը պետք է վերաբերի Ադրբեջանին, որն ունի ամենամեծ տարածքները, մարդկային ամենամեծ ռեսուրսները, կայուն, վստահելի և որակյալ կառավարություն։ Ադրբեջանը կարող է Ռուսաստանի համար լավ գործընկեր լինել։ Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է հիմնականում շահագրգռված լինի Ադրբեջանին ընդունել որպես զարգացած, կայուն ու վստահելի ռազմավարական հարևան։ Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելով Ադրբեջանին»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։