Ադրբեջանում վերջին տարիներին աճել է քաղաքացիների թիվը, որոնց ունեցվածքը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցում է 1 միլիոն ամերիկյան դոլարը։ Այսօրվա դրությամբ երկրում այդ մարդկանց թիվը կազմում է 8 հազար։ Միլիոնատերերի մեծ մասն աշխատում է մասնավոր հատվածում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Էխո» թերթը։
Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանում միլիոնատերերի թիվն աճել է 10 տոկոսով։ Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովի խոսքով՝ այս երևույթը կապված է նավքային ոլորտից ստացված ֆինանսների ծավալների մեծացմամբ։
Նա նաև նշել է, որ միլիոնատերերի թիվն աճում է ամբողջ աշխարհում․ միայն անցած տարի, համաձայն պաշտոնական վիճակագրության, աշխարհում միլիոնատերերի թիվն աճել է 17 տոկոսով։ ԱՄՆ-ում, օրինակ, կա 9 մլն միլիոնատեր, թուրքիայում՝ 55 հազար, Ուկրաինայում՝ շուրջ 35 հազար։
Տնտեսական ոլորտի փորձագետ Օքթայ Ահվերդիևը, իր հերթին, ասել է, որ Ադրբեջանում կան ոչ միայն միլիոնատերեր, այլև՝ միլիարդատերեր։ Փորձագետի կարծիքով՝ նրանք հարուստների միջազգային վարկանիշային աղյուսակներում չեն ընդգրկվում իրենց գործունեության ծայրահեղ անթափանցության պատճառով։ Forbes-ի ցուցակում, օրինակ, կան ծագումով ադրբեջանցի մի քանի մարդիկ, բայց ոչ այդ երկրի քաղաքացիներ։
Շվեյցարական Tages Anzeiger պարբերականը գրում է, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ ներկայումս ավելի հարուստ են, քան երբևէ․ նախորդ տարի նրանց ակտիվներն ամբողջ աշխարհում աճել են 13,8 տոկոսով ու հասել 52,62 տրիլիոն դոլարի։ Սա նոր ռեկորդ է․ նախորդը գրանցվել էր 2007 թվականին, երբ այդ թիվը կազմում էր 40,7 տրիլիոն դոլար։ Պարբերականը հաշվարկել է, որ, այսպիսով, աշխարհում դոլարային միլիոնատերերի թիվն օրական ավելանում է 130-ով։