Սյունիքի մարզի Ծիրանաձոր գյուղի մարտական հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին զոհված շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի գործով ամբաստանյալ Արթուր Միսակյանը հունիսի 25-ին կայացած նիստում բացատրել է՝ ինչպես են իրեն Ռազմական ոստիկանությունում ստիպել ցուցմունք տալ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Միսակյանի պաշտան Անի Թորոսյանը, մեղադրյալի խոսքով՝ 2 անձինք իրեն ստիպել են գրել, թե նա ինքնասպանության է հասցրել Սահակյանին։ Մեկը` ոմն Արշակ, ներկայացել է որպես իր հոր ընկեր և ասել է, որ ցանկանում է օգնել, իսկ օգնելը հնարավոր կլինի միայն, եթե ինքը՝ Արթուրը, գրի այն, ինչ կասեն: Համոզողներից մյուսը որպես Տիգրան է ներկայացել։
Վերջինս, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, ասել է, որ «քսիվ կուղարկի մահացած Սարգիս Սահակյանի ծնողներին»՝ ասելով, որ իրենց որդուն սպանել է Արթուր Միսակյանը:
Միսակյանը վախեցել է որդեկորույս ծնողների հաշվեհարդարից և հույս ունեցել, որ ցուցմունք գրելուց հետո հոր ընկերը կօգնի իրեն:
Այսպիսով` մեղադրյալն իր նախնական ցուցմունքում հաստատել է քննության վարկածն այն մասին, թե Սահակյանը ինքնասպան է եղել և այդ քայլին նրան դրդել է զինակիցների՝ իր և Արտաշես Խաչատրյանի կողմից հասցրած վիրավորանքը: Մեղադրանքի համաձայն, ծառայակիցները Սարգիս Սահակյանին ճնշել ու նվաստացրել են թաքուն «Սնիկերս» ուտելու համար, նրան անվանել են «չաթլախ»:
Նույն դատական նիստին ցուցմունք է տվել նաև մեկ այլ մեղադրյալ Արտաշես Խաչատրյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ նա ասել է, որ օգնում էր Սահակյանին ծառայության ընթացքում, օրինակ, խնդրել է նրա պատռված կոշիկները փոխել: Խաչատրյանն ասել է, որ Սահակյանն իր ընկերների համագյուղացին էր, ուստի ինքը նրան լավ էր նայում:
Նշենք, որ ամբաստանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ տուժող կողմը չի հավատում ինքնասպանության վարկածին։
Հունիսի 25-ին կայացած նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը նաև ինքնաբացարկ է հայտնել գործով դատախազին։ Միջնորդությունը, սակայն, մերժվել է: