«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականները, ԱԺ-ից որևէ լուծում չստանալով, նորից շարունակում են բողոքի ակցիաները Կառավարության շենքի մոտ: Հիշեցնենք, որ առևտրականները սկսել էին բողոքել հենց Կառավարության մոտ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդով` դիմել էին ԱԺ ուժերին, քանի որ օրենքը ԱԺ-ում է ընդունվել:
Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասել են, որ ԱԺ քննարկումներից պարզ է դարձել, որ իրենց պահանջներին դեմ է միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդ պատճառով էլ իրենք կրկին եկել են Կառավարության մոտ:
Միևնույն ժամանակ, այսօր ժամը 10.00-ին ԱԺ ուժերը հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, սակայն հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ հանդիպմանը որևէ փոփոխություն անելու մասին որոշում չի կայացվել:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշել է, որ Կառավարությունը չի ընդունել առաջարկվող և ոչ մի տարբերակ:
ԱԺ ոչ իշխանական քառյակն առաջարկում էր թույլ տալ «Շրջանառության մասին օրենքը» կիրառել ըստ ցանկության և թույլ տալ նաև ցանկության դեպքում հարկերը վճարել հին օրենքով:
Մանուկյանի խոսքով` Գագիկ Խաչատրյանն ասել է, որ փոխզիջման գնալու դեպքում Կառավարությունը հնարավոր է՝ չկարողանա կատարել բյուջեի եկամտային մասը:
Հիշեցնենք, որ բողոքող առևտրականների խոսքով՝ նոր օրենքը նպատակ ունի էլ ավելի ծանր իրավիճակ ստեղծել մանր և միջին ձեռնարկատերերի համար, քանի որ տնտեսվարողները նախ պետք է նոր հսկիչ֊դրամարկղային մեքենաներ գնեն, որոնց արժեքը կազմում է 80 հազար դրամ։ Բացի դրանից, պետք է համակարգիչ ներմուծեն և հարկային մարմիններ ուղարկեն իրենց ունեցած ամբողջ ապրանքի մանրամասն նկարագրությունը՝ նշելով ապրանքի քանակը, ձևը, գույնը, այլ չափանիշներ։