ՀՀ կառավարությունը պետք է հստակ որոշի իր առաջնահերթությունները, իր ռազմավարական նպատակները, պատկերացնի, թե ինչ տնտեսություն է ուզում ունենալ և քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիր Յիգալ Էրլիխը, ով համարվում է Իսրայելի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առանցքային դեմքերից մեկը։
Էրլիխի խոսքով՝ եթե հայտարարվում է, որ Հայաստանը պետք է ունենա գիտելիքահենք տնտեսություն, որի մեջ մեծ կշիռ ունի ՏՏ ոլորտը, ապա անհրաժեշտ է ռեսուրսներ ներդնել կրթության ու գիտության մեջ։
Կառավարության անդամների արդարացմանը, թե ռեսուրսները սուղ են, Էրլիխն արձագանքել է. «Բոլոր երկրներում նույն բանն են ասում։ Սակայն այդպես չի լինում, որ կառավարությունը ռեսուրսներ չունենա։ Այլ բաների համար ռեսուրսներ ունեն, չէ՞։ Ռեսուրսը կա. հարցն այն է, թե որո՞նք են առաջնահերթությունները»:
Ըստ փորձագետի՝ Հայաստանում անցկացրած երեք օրերի ընթացքում ինքը տպավորություն է ստացել, որ նման հարցերում կառավարությունն իրականում ներգրավվածություն չունի. «Մարդկանց հարցնում էի՝ այսինչ բանն ո՞վ է կազմակերպել, այնինչ բանն ո՞վ է նախաձեռնել… Կառավարությունը պատասխանների մեջ չէր նշվում։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությանը դա չի հետաքրքրում»:
Այն դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը մշակել է տարբեր ռազմավարություններ ու հայեցակարգեր՝ ՏՏ ոլորտի զարգացման, զբոսաշրջության և գերակա ուղղություն հայտարարված այլ ոլորտների վերաբերյալ, Էրլիխը պատասխանել է. «Եթե դու ունես ռազմավարություն, ապա ցույց տուր, որ ցանկանում ես այն իրագործել, պետք է քայլեր ձեռնարկես, ոչ թե պարզապես խոսես դրա մասին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում