Հայաստանում արական սեռի զավակ ունենալը շարունակում է ավելի ցանկալի լինել, քան իգական սեռինը, ընդ որում` այդ միտումը գրեթե երկու անգամ ավելի տարածված է գյուղական համայնքներում: Այս մասին վկայում են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում անցկացված հարցումները, որի արդյունքները ներկայացվել են այսօր Երևանում:
Համաձայն զեկույցի` գյուղական համայնքներում զույգերի ավելի քան 70 տոկոսը կնախընտրեր տղա երեխա ունենալ, եթե մի երեխա ունենալու դեպքում կարողանար ընտրել նրա սեռը: Մինչդեռ Երևանում իրավիճակը մի փոքր այլ է, մի երեխայի դեպքում արական սեռի զավակ կցանկանար ունենալ հարցվածների 45 տոկոսը:
Հարկ է նշել, որ տղա երեխա են ցանկանում ունենալ և՛ պոտենցիալ հայրերը (հարցվածների 60%-ը), և՛ մայրերը (հարցվածների 50%): Այնուամենայնիվ, 3 անգամ մեծ է եղել հարցված այն կանանց թիվը, ում համար ապագա երեխայի սեռը կարևորություն չունի: