Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հարձակման ենթարկված «Նախախորհրդարան» շարժման համակիր, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ այս պահին իր ինքնազգացողությունը լավ է:
Սաֆարյանը հարձակման էր ենթարկվել երեկ՝ հետևից բութ գործիքով գլխին հարված ստանալով։ Սաֆարյանը գետնին էր ընկել, որից հետո ևս մի քանի հարված էր ստացել գլխին և ուշագնաց եղել:
«Ես սա համարում եմ ոչ թե իմ դեմ հարձակում, այլ «Նախախորհրդարանին» ճնշելու փորձ: Նախ եղավ ավտոմեքենաների հրկիզումը, հետո՝ իմ վրա հարձակումը: Սա ռեժիմի փորձն է ճնշել ու վախեցնել մեզ», – ասել է Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ արդեն հաղորդում է տվել հանցագործության մասին, ոստիկանությունում նյութեր են պատրաստվում քրեական գործ հարուցելու համար:
«Նախախորհրդարանը» նշում է, որ Սաֆարյանի վրա հարձակումն ու մեքենաների հրկիզումը փոխկապակցված են և քաղաքական շարժառիթ ունեն։ Ըստ նախաձեռնության հայտարարության՝ այդ գործողություններն ուղղված են իրենց «100-ամյակը առանց ռեժիմի» ծրագրի դեմ, որը նախատեսում է 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը հեռացնել Հայաստանում իշխող ռեժիմը։
«Նախախորհրդարան» շարժման մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը Epress.am-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ ոստիկանությունը երեկ հրկիզված 7 մեքենաների գործերը համարում է իրար հետ կապ չունեցող և առանձին է քննում:
«Մենք, իհարկե, համարում ենք, որ մեկ քրեական գործ պետք է հարուցվեր, քանի որ՝ ակնհայտ է, որ մեքենաների հրկիզումը մի ծրագրով է արվել»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:
Սաֆարյանի վրա հարձակման դեպքի առնչությամբ «Նախախորհրդարանը» երեկ տեսանյութ է տարածել։