Նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մանկապարտեզի 15 սան` աղիքային խանգարման երևույթներով, երեկ իր կայքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, 13 երեխա տեղափոխվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Առողջապահության նախարարության նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:
Արդեն այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է 54 հոսպիտալացված երեխայի մասին։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը։