Հայաստանն ու Վրաստանը ամանորյա տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղություններն են ԱՊՀ֊ում, հաղորդում է Ռուսաստանի տուրարդյունաբերության միությունը։ Երկու պետությունների գլխավոր արժանիքները, ըստ տուրօպերատորների, տեսարժան վայրերի առատությունն ու չվերթների ցածր գներն են։
«Կովկասյան հանգույց» լրատվականի փոխանցմամբ՝ տուրիստական ընկերությունները համոզված են, որ Վրաստանը և Հայաստանն այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկներ գրավելու հավասար հնարավորություններ ունեն։ Երրորդ տեղում հայտնված Ուզբեկստանը նրանց զգալիորեն զիջում է, քանի որ այդ երկրում Նոր տարին տոնելու մշակույթը բավականաչափ զարգացած չէ։
Տուրօպերատորների տվյալներով՝ Հայաստանում ամանորյա տոներին մեծ մասսայականութուն են վայելում լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորն ու Ջերմուկ ջերմային առողջարանային գոտին։
«Փաթեթները նախատեսված են 4֊ից 8 օրվա համար։ Կարճ տուրը ներառում է էքսկուրսիա Երևանով, այցելություն Գառնու՝ ԱՊՀ տարածքում միակ հեթանոսական տաճար, Գեղարդ համալիր, Սևանա լիճ, «Արարատ» կոնյակի գործարան, Էջմիածնի Մայր տաճար: Նման տուրի արժեքը՝ թռիչքը ներառյալ, կազմում է €386 (մոտ 200 հազար դրամ), 8֊օրյա՝ ավելի հագեցած տուրը կարժենա շուրջ €600 (մոտ 320 հազար դրամ)»,֊ BTA Travel ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Մոնինի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի տուրարդյունաբերության միության պաշտոնական կայքը։
Վրացական փաթեթների առավելությունը, փորձագետների խոսքով, ևս կայանում է էքսկուրսիաների բազմազության մեջ։ «Օրինակ, այս տարի առաջարկում ենք տուր դեկտեմբերի 31֊ից հունվարի 10֊ը, որի ընթացքում զբոսաշրջիկները գրեթե ամեն օր նոր վայրեր են այցելում։ Երթուղին ընկած է Թբիլիսիով, Քութաիսիով, Բաթումիով։ Նման փաթեթը, ամանորյա ընթրիքով ու առանց թռիչքի, մեկ մարդու համար արժե 2400 դոլար (մոտ 1 միլիոն դրամ)»,֊ասել է «Ժարկով տուր» ընկերության ներկայացուցիչ Ռենա Գալուստովան։
Միևնույն ժամանակ, Գալուստովան Հայաստանի գլխավոր առավելություններից է համարում ավիատոմսերի ցածր գները։
«Մոսկվայից դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ տոմսն արժե 17 հազար ռուբլի (մոտ 140 հազար դրամ)։ Համեմատության համար նշեմ, որ դեպի Թբիլիսի ու հակառակ ուղղությամբ տոմսն արժե շուրջ 30 հազար ռուբլի (մոտ 250 հազար դրամ)»,֊ ընդգծել է նա։