ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերջին երկու քառօրյաների ընթացքում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ բանտերի խնդիրների մասին հարցեր է բարձրացնում, սակայն, ըստ էության, պատասխան չի ստանում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից։
Փոստանջյանը, ընթերցելով կալանավորների նամակները, կոնկրետ դեպքեր է ներկայացնում նախարարին՝ բարձրացնելով քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության, սննդի սակավության և անորակ լինելու, կալանավորների վաղաժամ ազատման համակարգի փաստացի չգործելու հիմնահարցերը։ Հովհաննես Մանուկյանը, սակայն, բարձրացված հարցերի մասին բացատրություն տալու փոխարեն անդրադառնում է նամակների հեղինակ դատապարտյալների կենսագրությանը, մասնավորապես, ասելով, որ նրանք կրկնադատվածություն ունեն կամ դրական վարք չեն դրսևորում ՔԿՀ-ում:
Երեկ, անդրադառնալով դատապարտյալ Աշոտ Միրզախանյանի նամակին, նախարարը նախ ասել է, որ տվյալ դատապարտյալը մի քանի դատվածություն ունի, օրինակ, նա կատարել է ապօրինի ծառահատում, վաշխառությամբ է զբաղվել: Փոստանջյանն արձագանքել է, որ նման հանցագործությունների անձանց դրդում են ծանր սոցիալական պայմանները, և դա չի նշանակում, որ դատապարտյալների համար արժանապատիվ կեցության պայմաններ պետությունը պարտավոր չէ ապահովել: Պատգամավորը հավելել է, որ նախարարի կողմից դատապարտյալի հանցագործությունները թվարկելը կամ հայտարարելը, թե քանի մարդ կա ՔԿՀ-ներում, չի կրճատում հերթերը ՔԿՀ-ների դիմաց, երբ կալանավորների հարազատները նրանց ուտելիք են բերում:
«Կալանավայրում գտնվող քաղաքացին հարցնում է, թե Հայաստանը քանի՞ հոգու համար է ստեղծվել, որ պարտքերի տակ մենք ճռռում ենք, իսկ ԴԱՀԿ-ն ամեն օր մոտ 10 ընտանիքի հանում է փողոց: Սուրիկ Խաչատրյանն էլ ունի մեծ ցանկ հանցագործությունների, բայց ՀՀԿ-ի կողմից մարզպետ է նշանակվել: Ի՞նչ անենք, գողականո՞վ աբրաշատ ըլնենք, որ մեզ էլ մարզպետ դնեն»,- դատապարտյալի նամակը շարունակել է ընթերցել Զարուհի Փոստանջյանը:
Նախարարն ասել է, որ հարցը բարձրացնելով՝ Փոստանջյանը քաղաքական շոու է ցանկանում ստեղծել:
Հովհաննես Մանուկյանը նման պատասխան է տվել նաև մեկ այլ դատապարտյալ, «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Անդրանիկ Բեգլարյանի նամակին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Վաղաժամ ազատման համակարգի մասին հարցին պատասխանելուց առաջ Մանուկյանն ասել է, որ «Սևան» ՔԿՀ-ում հիմնականում կրկնահանցագործներ են: Իսկ թե ինչու Բեգլարյանի դիմումը չի քննվում՝ նախարարն ասել է, որ տեղեկություն չունի: Ինչևէ, Մանուկյանը չի հապաղել ենթադրել, որ, հավանաբար, Բեգլարյանը վարքի խնդիր ունի: «Ենթադրում եմ, որ անձը, անկախ նրանից, թե ինչ հանցակազմով է դատապարտված, վարքագծի խնդիրներ է ունեցել»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: