Home / Հայաստան / Հարյուրավոր բողոքողներ կառավարության մոտ․ ՓՄՁ֊ները վերսկսում են ակցիաները

Հարյուրավոր բողոքողներ կառավարության մոտ․ ՓՄՁ֊ները վերսկսում են ակցիաները

13:30 ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող մարդկանց հանդիպել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով առաջարկել է 10 մարդուց կազմված պատվիրակություն կազմել և շենք մտնել պահանջները ներկայացնելու համար։ Ակցիայի մասնակիցները հրաժարվել են առաջարկից՝ պահանջելով, որպեսզի իրենց մոտ իջնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այլ պարագայում նրանք խոստացել են ակցիաներն անցկացնել ամենօրյա ռեժիմով։

12:30 Այսօր հարյուրավոր փոքր և միջին ձեռնարկատիրությամբ (ՓՄՁ) զբաղվող քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով «Շրջանառության հարկի դեմ» օրենքը չեղյալ համարել։

Առևտրականները, փաստորեն, վերսկսել են անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին լայն թափ առած ակցիաները, որոնք դադարեցվեցին նրանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգեց օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։

Այսօր Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում հավաքվածները նշել են, որ 4 ամիս շարունակ Կառավարությունը իրենց գլխի տակ «փափաուկ բարձ է դրել», և ոչինչ չի արել օրենքում արմատական փոփոխություններ կատարելու կամ այն չեղյալ համարելու համար։ Հավաքվածները պարբերաբար վանկարկել են «կասեցում»։

Շրջանառության հարկի դեմ բողոքողներն անցյալ տարվա ակցիաների ընթացքում նշում էին, որ հնարավարություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դա, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունը անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:

Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։

Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։ 

1pmdz