Home / Հայաստան / Ցեղասպանության մասին պաստառի պատճառով թուրք պատգամավորը հրաժարական է տվել

Ցեղասպանության մասին պաստառի պատճառով թուրք պատգամավորը հրաժարական է տվել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ իր մի քանի կուսակիցներ մասնակցել են Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի առիթով Ստամբուլում կազմակերպված երթին՝ պահելով «Առերեսվիˊր ցեղասպանությանը» գրառումով պաստառ:

Թուրքիայի մամուլում հրապարակվել են երթից լուսանկարներ, որոնցից մեկում երևում է, որ ԺՀԿ֊ի համանախագահ Սեզգին Թանրըքուլուն և պատգամավորներ Շաֆաք Փավեյը և Ումութ Օրանը կանգնած Դինքի այրիի՝ Ռաքել Դինքի կողքին՝ «Առերեսվիˊր Հրանտի, Ցեղասպանության հետ» պաստառով: Taraf պարբերականի համաձայն՝ տեղի ունեցածն այժմ քննվում է ԺՀԿ-ի ներքին կարգապահական կոմիտեի կողմից՝ կուսակցության կանոնները խախտելու հոդվածով:

1Birgul

Հրաժարականի իր դիմումում Իզմիրից ընտրված քեմալիստ պատգամավոր Գյուլերը, մասնավորապես, գրել է. «Հաշվի առնելով ԺՀԿ-ի ներկայիս կառուցվածքն ու գաղափարախոսությունը՝ ես այլևս չեմ կարող լինել դրա անդամ: Կուսակցության նոր առաջնորդներն սատարում են ցեղասպանության կեղծ մեղադրանքները՝ Թուրքիային զրկելով արտահայտվելու հնարավորությունից: Մեղադրանքներով լի 2015 թվականին պահելով «Առերեսվիր ցեղասպանությանը» գրառումով պաստառ՝ կուսակցության առաջնորդներն ակնհայտ աջակցություն են դրսևորում»: Գյուլերի խոսքով՝ կուսակցությունը, որից նա հրաժարվում է, ոչ թե ԺՀԿ-ն է, այլ՝ քաղաքականապես անհետևողական կառույց:

Պատգամավորն իր հրաժարականը հիմնավորել է նաև նրանով, որ «նոր ԺՀԿ-ն հեռացել է ազգային տնտեսության հասկացությունից ու դարձել մի կառույց, որն արտացոլում է համաշխարհային ֆինանսական շուկայի շահերը»։

Անցած ամիս Գյուլերն իր կուսակցությանը նաև մեղադրել էր գյուլենիստական շարժման (ԱՄՆ֊ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենը իսլամիստ հասարակական գործիչ է֊խմբ․) հետ կապեր ունենալու մեջ, ինչի արդյունքում նրա դեմ բողոք է ներկայացվել կուսակցության Կարգապահական կոմիտե:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԺՀԿ տարբեր պատգամավորներ ներկայացրել են իրենց հրաժարականները՝ տարբեր հարցերի շուրջ կուսակցության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով:

Մասնավորապես, անցած երկուշաբթի ԺՀԿ նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն հանդիպել է Թուրքիայի ոչ մահմեդական կրոնական առաջնորդների հետ՝ քննարկելու նրանց խնդիրները, ինչը նույնպես քննադատության առարկա է դարձել կուսակցությունում:

Քիլիչդարօղլուն նշել է, որ իր կուսակցությունն առաջնորդների մտահոգությունների մասին կբարձրաձայնի խորհրդարանում և ընդունել է, որ կրոնական առաջնորդներն ունեն խնդիրներ՝ կապված ատելության խոսքի ու իրենց համայնքների վերաբերյալ հարցերում օրենքի գերակայության բացակայության հետ: