Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում Ռուսաստանը զրկվել է ԵԽԽՎ֊ի առաջատար մարմիններում ներկայացուցիչներ ունենալու հնարավարությունից։ ԵԽԽՎ֊ն Ռուսաստանի պատվիրակներին զրկել է նաև քվեարկելու իրավունքից, ասված է Վեհաժողովի պաշտոնական կայքում։
ԵԽԽՎ֊ն պատրաստվում է Ռուսաստանի պատվիրակների քվեարկության խնդրին վերադառնալ ապրիլին կայանալիք նստաշրջանին, եթե ՌԴ֊ն կատարի ԵԽԽՎ֊ի պահանջները։ Մասնավորապես, Վեհաժողովը պահանջում է դադարեցնել միջազգային իրավունքի խախտումները Ուկրաինային վերաբերող հարցերում։
Ռուսաստանին վերաբերող բանաձևի տեքստում նշվում է, որ ԵԽԽՎ֊ն դատապարտում է Ղրիմի բռնազավթումը և Ռուսաստանի կազմում այդ տարածքի հետագա ինտեգրացիան։
Բանաձևին կողմ է քվեարկել 160 պատգամավոր, դեմ՝ 42, 11 ձեռնպահ են եղել։ Ձեռնպահների թվում են Հայաստանի պատվիրակներ ՀՀԿ֊ականներ Հերմինե Նաղդալյանը և Նաիրա Կարապետյանը, ՕԵԿ֊ական Մհեր Շահգելդյանը։
Բանաձևին ամբողջ կազմով դեմ են քվեարկել Ադրբեջանի և Սերբիայի պատվիրակությունները։