Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է՝ նպաստել է բանակցային գործընթացին, ներկայացրել է բոլոր ողջամիտ տարբերակները, սակայն կողմերը դրանք չեն ընդունել։ Դրանից ավել միջնորդները ոչինչ անել չեն կարող։ Ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ, հայ֊ադրբեջանական խաղաղարար գործընթացների մասնակից Զարդուշտ Ալիզադեն։
Միևնույն ժամանակ, ինչպես փոխանցում է Contact.az֊ը, փորձագետն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ֊ն, Ֆրանսիան, հետաքրքրված չեն հակամարտության կարգավորմամբ։ Ալիզադեի խոսքով՝ Ռուսաստանն սառեցնում է հակամարտությունը՝ փորձելով հետխորհրդային տարածքը թողնել իր վերահսկողության տակ․ «Ուկրաինայի իրադարձությունները դրա վառ ապացույցն են»։
Ըստ քաղաքագետի՝ ստատուս քվոն ի վիճակի են փոխել Ադրբեջանի ժողովուրդն ու կառավարությունը։ «Եթե Ադրբեջանը ցանկանում է ազատագրել Ղարաբաղը, ապա պետք է խորը բարեփոխումներ իրականացնի, խաղաղության ապահովմանն ուղղված քաղաքականություն վարի։
Կամ Ռուսաստանը պետք է փլուզվի, կամ Ադրբեջանի ժողովուրդը՝ փոխվի։ Բայց ես չեմ տեսնում քաղաքական ուժ, որն ի վիճակի է նման փոփոխություններ իրականացնել»,֊ նշել է Ալիզադեն։
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման հասնելու համար Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի վերահսկողության տակից, ինչը երկրին թույլ կտա ավելի իրատեսական դիրքորոշում զբաղեցնել ու գնալ փոխզիջումների։
Ինչ վերաբերում է ԱՄՆ֊ին, ապա Ալիզադեն ասել է․ «Եթե Վաշինգտոնին պետք լինի, կայունությունը կարող է խախտվել, կարող են արյունալի հակամարտություններ սկսվել։ Եվ հակառակը՝ եթե պետք է, ապա խաղաղարար գործունեություն կսկսվի։ Ղարաբաղում ԱՄՆ֊ն չի անում այն, ինչ կարող էր»։
Լուսանկարը՝ Օնիկ Կրիկորյանի