Երեկ՝ փետրվարի 17֊ին, Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (ԺՀԴ) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ) կուսակցությունների պատգամավորների միջև։ Ծեծկռտուքի հետևանքով առնվազն հինգ պատգամավորներ վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկված՝ երկրի անվտանգությանը վերաբերող վիճահարույց օրինագծի քննարկման ժամանակ, որը մեծապես սահմանափակում է ցույցերի ու հավաքների իրավունքը։ Թուրքական Today's Zaman֊ի փոխանցմամբ՝ լարվածությունը խորհրդարանում բարձր է եղել քննարկումից դեռևս մի քանի ժամ առաջ, անգամ տեղի է ունեցել լեզվակռիվ այն բանի շուրջ, թե երբ պետք է մատուցվի ընթրիքը։
Նրանից հետո, երբ խորհրդարանից դուրս են բերվել լրագրողներն ու բոլոր ձայնագրող ու տեսագրող սարքերը, լարվածությունը կտրուկ աճել է։
Ընդդիմադիր պատգամավորները պահանջել են՝ խորհրդարանի գործող նախագահը քննարկում հրավիրի ելույթների կարգի վերաբերյալ։ Նախագահը, սակայն, հրաժարվել է ու խոսքը տրամադրել իշխող կուսակցության պատգամավորներին։ Քրդամետ ԺԴԿ կուսակցության կին պատգամավորներ Փերվին Բուլդանն ու Սեբահաթ Թունջելն ի նշան բողոքի կանգնել են խորհրդարանական ամբիոնի դիմաց։ Նրանց այնտեղից փորձել են հեռացնել ԱԶԿ պատգամավորները․ իրարանցմանը միջամտել են մյուս խորհրդարանականներն, ինչի հետևանքով էլ բռնկվել է ծեծկռտուքը։
Ընդդիմադիր ԺՀԴ կուսակցության պատգամավորներից մեկը՝ Այքուտ Էրդողլուն կրծքին հարված է ստացել խորհրդարանական մուրճով։ Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Մուսա Չամը ծեծկռտուքի ժամանակ կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել խորհրդարանի բուժկետ, շտապ օգնություն է կանչվել ԺՀԴ պատգամավոր Ռեֆիկ Էրյըլմազի համար։ Պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, ում՝ վիրակապված գլխով լուսանկարները հայտնվել են համացանցում, հայտարարել է, որ «հարձակումը» կազմակերպել են իշխող կուսակցության պատգամավորները։