Քանի որ սեռական բռնությունը Հայաստանում հաճախ համարվում է ոչ թե հանցագործություն, այլ՝ «կեղտոտ բան», նման բռնության զոհերը հաճախ ոչ միայն կարեկցանքի չեն արժանանում, այլև հասարակությունը նրանց իր շարքերից դուրս է մղում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մամուլում սեռական բռնության ենթարկված մարդկանց մասին անձնական տվյալների հրապարակումը կարող է վերջնականապես վերացնել անձի սոցիալական կյանքը տվյալ համայնքում: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանը՝ խորհուրդ տալով ԶԼՄ-ներին բռնության ենթարկված անչափահասների մասին անձնական տվյալներ չհրապարակել: Նա հիշեցրել է, որ վերջերս հայաստանյան առցանց ԶԼՄ-ները գրել են, որ Գյումրիում կորած և գտնված անչափահաս աղջիկը սեռական բռնության է ենթարկվել՝ հոդվածներում նշելով անձի անունը, բնակության վայրը, այլ տվյալներ:
«Ես կարող եմ բերել երկու օրինակ ցույց տալու համար՝ ինչ ճակատագրական նշանակություն է ունեցել բռնության հանրայնացումը բռնության զոհի հետագա սոցիալական կյանքի համար: Գորիս քաղաքում սեռական բռնության ենթարկված աղջկա մասին հրապարակումներից հետո, նրա համադասարանցիների ծնողների բողոքների հետևանքով դպրոցի տնօրենն նրանց հանել է դպրոցից: Նրա համար տնային ուսուցում սահմանեցին, որոշ ժամանակ հետո ուսուցիչներն այլևս աղջկա տուն էլ չէին գնում, քանի որ դրա համար առանձին չէին վճարվում:
Մեկ այլ դեպքում՝ Սևան քաղաքում սեռական բռնության ենթարկվելուց հետո, անչափահաս աղջկան ծաղրում էին բակում, դպրոցում: ԶԼՄ-ները նույնիսկ սուտ լուրեր էին գրում, թե իբր երեխան հղիացել է, հետո ստիպված էին հերքում տպել, սակայն բոլորն արդեն սկսել էին դա էլ ծաղրանքի ենթարկել: Վերջերս մենք իմացանք, որ աղջիկը փոխել է բնակության վայրը՝ տեղափոխվել է գյուղ»,- ասել է Տաթևիկ Աղաբեկյանը: