Մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղում հրազենային վնասվածքից մահացած 20-ամյա զինծառայող, Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ Հարություն Համբարյանի ընտանիքի անդամներին քննիչը դեռ չի այցելել, հայրը իրավահաջորդ չի ճանաչվել, թեև դեպքից 20 օր է անցել: Զոհվածի հայրը՝ Հրայր Համբարյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն անհանգստացած է նախաքննությունը վարող մարմնի լռությամբ:
Նա դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ իրավահաջորդ ճանաչվելու հարցում խորհրդատվություն տրամադրելու խնդրանքով:
Ինչպես Epress.am-ին հայտնել էն ՀՔԱ Վանաձորի գրասենյակից, ցանկալի է, զինվորի հայրը հնարավորինս արագ իրավահաջորդ ճանաչվի, քանի որ այդ դեպքում միայն նա կարող է տեղեկանալ գործի ընթացքի մասին և միջամտել նախաքննական գործողություններին որպես տուժող կողմ: Նախաքննության կարևոր գործողություններն արդեն կատարվել են։ Քննության նախնական վարկածով` Հարություն Համբարյանն ինքնասպանություն է գործել, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զոհվածի ծառայակից Դ. Հարությունյանին։
Հրայր Համբարյանը հրաժարվել է քրեական գործի ընթացքի մասին կարծիք հայտնել՝ նշելով, որ չի տիրապետում մանրամասներին: Նա միայն ընդգծել է, որ համաձայն չէ որդուն ինքնասպանության հասցնելու վարկածի հետ։
«Ես ուղղակի կարող եմ ասել, որ վստահ եմ՝ իմ որդին չէր կարող ինքնասպանություն գործել, նա ուժեղ էր և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, նա նման քայլի բացառվում է որ դիմեր: Պետք է մեղավորները պատժվեն, կալանավորվեն, միակ հարցն է՝ ովքեր»,- ասել է հայրը: