Եթե խոսնակը ստում է, ուրեմն ստում է պաշտոնյան: Եթե ստում է Պաշտպանության նախարարի խոսնակը, ուրեմն ստում է Պաշտպանության նախարարը, «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է լրագրող Սյուզան Սիմոնյանը:
Հոդվածագիրը հիշեցնում է՝ ավելի վաղ թերթը գրել էր, որ «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի» համաձայն, հեպատիտ B հիվանդության վարակակիրները չեն ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
Սիմոնյանը նշում է, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Իրավունքի» կայքի միջոցով պատասխանել էր թերթին՝ պնդելով, որ նրանց տեղեկությունը ճիշտ չէ. «Նման բան գոյություն չունի: Հատուկ ինչ-որ բան ՊՆ-ն չի ձեռնարկում ինչ-որ հեպատիտ B-ի կամ C-ի դեմ: Էս պահին բանակ հեպատիտ B-ով հիվանդներին չեն տանում»: Հոդվածագիրը, սակայն, ևս մեկ անգամ ընդգծում է, որ վերոնշյալ կարգում գրված է, որ հեպատիտի B հիվանդությամբ ծառայողներին չեն ազատում ծառայությունից, այլ բուժում են ինֆեկցիոն բաժանմունքներում, իսկ բուժման ավարտից հետո տրամադրում են վերականգնողական արձակուրդ:
«Փաստորեն, նախարարի խոսնակը ստում է առանց վարանելու և վստահ է, որ նման վարքի համար նրան երբեք չեն պատժի, այլ նույնիսկ կխրախուսեն: Կա նաև մյուս տարբերակը. ասենք, մեր հրապարակումից հետո նախարարը որոշել է փոփոխություն մտցնել կարգերի մեջ՝ այսուհետ բուժվելու ժամանակ տալ հեպտատիտով հիվանդներին, իսկ քրոնիկական հիվանդներին և վարակակիրներին ազատել պարտադիր ծառայությունից: Բայց այս դեպքում պետք է պատշաճ ձևով ծանուցել հանրությանը, ոչ թե իրականությանը չհամապատասխանող, թերի տեքստեր արտաբերել՝ թյուրիմացության մեջ գցելով այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին ուշադիր հետևում են ՊՆ-ից դուրս եկած ցանկացած ինֆորմացիայի», – գրում է Սիմոնյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում