Home / Տեսանյութեր / Կինը 6 տարի ճնշումների է ենթարկվել ամուսնու ծնողների կողմից․ Վերաքննիչը կորոշի երեխայի խնամակալի հարցը

Կինը 6 տարի ճնշումների է ենթարկվել ամուսնու ծնողների կողմից․ Վերաքննիչը կորոշի երեխայի խնամակալի հարցը

Գյումրու բնակիչ, «Պրոգրես» վարժարանի դասախոս Լիլիթ Միքայելյանն ամուսնու ծնողների կողմից տարատեսակ ճնշումների է ենթարկվել։ Մասնավորապես, նրան 6 տարի շարունակ արգելել են այցելել հայրական տուն, ստիպել են դադարեցնել վարժարանում դասավանդելը, արգելել են հեռախոսազանգեր կատարել։ 

Epress.am-ի հետ զրույցում կինն ասել է, որ ընտանիքը պահպանելու համար ինքն այդ պայմաններին դիմացել է մինչև 2014 թվականի հունիսի 6-ը, երբ նրան, իր խոսքով,  խաբեությամբ բաժանել են երկու երեխաներից։ Կինը պատմում է, որ ամուսինն իրեն տարել է հայրական տուն՝ ասելով, որ մի քանի հարց ունի լուծելու իր հոր հետ, սակայն հետագայում զանգել է և հրաժարվել թույլ տալ կնոջը տեսնել երեխաներին։ 

Միքայելյանն ասում է, որ նախ դիմել է ոստիկանություն, որտեղ ասել են՝ «դե երեխաների հայրն է, կարող է ինքն էլ պահել»։ Այնուհետև կինը դիմել է Գյումրու քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ ամուսնու դեմ ոչինչ չեն կարող անել, քանի որ նա քաղաքապետարանի աշխատակից է։ Միքայելյանն ի վերջո դիմել է դատարան։ Շուրջ կես տարի տևած դատավարությունից հետո կինն ամուսնալուծվել է, և դատարանը նրա խնամակալությանն է հանձնել 5֊ամյա որդուն, սակայն 12-ամյա դստեր խնամակալությունը հանձնվել է ամուսնուն՝ երեխայի ցանկությամբ։ 

«Դատարանի վճռից ես գոհ չեմ, քանի որ դատարանը հաշվի չի առել, որ աղջկաս սովորեցրել են, տրամադրել են իմ դեմ, նրան նվերներ են գնել։ Աղջիկս դատարանում ասեց, որ ես իմ մորից չեմ հրաժարվում, ուղղակի պապիկը տունը ինձ կկտակի, եթե ես մնամ նրանց հետ։ Սա ակնհայտ երեխային սովորացրած խոսքեր են։  Ամուսնուս ծնողները որդուս էլ են փորձել իմ դեմ տրամադրել։ Մինչ ինձ արգելում էին հանդիպել երեխային, նրան տեսա փողոցում, գրկեց ասեց՝ մամ, դու կենդանի՞ ես, պապին ասել է, որ դու մոստից նետվել ես»,֊ ասել է Լիլիթ Միքայելյանը։ 

Կնոջ խոսքով՝ ամուսնու ծնողների վատ վերաբերմունքի պատճառն այն է, որ  հիվանդագին կասկածներ ունեին, թե ինքը մոգական հնարքների է դիմել՝ թուղթ ու գիր է արել։ Միքայելյանի հայրական տան բակում գտել են կողպեքներ ու մոմեր, որոնք, պարզվել է, նրա սկեսուրն ու սկեսրայրն են նետել։ 

«Ախր, ծիծաղալու է, գիտեմ,  նույնիսկ ասելուց ծիծաղս գալիս է, բայց նրանց այդ կասկածների հետևանքները ծիծաղալու չեն եղել այսքան տարի», ֊ ասել է Միքայելյանը։
 
Վերջինիս ամուսինը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով նաև որդուն իրեն հանձնել։ Վերաքննիչում դատական նիստը կայանալու է հունիսի 11֊ին։