– Ռուսական աշխարհին բոլորի համար անսպասելի վտանգ է սպառնում։ Անսպասելի նույնիսկ նրանց համար, ովքեր մտահոգված են ռուսաց լեզվի ճակատագրով մեր լայնարձակ շրջակայքում, նույնիսկ Դմիտրի Կիսելյովի, ով խիստ հիասթափված էր երևանցի տաքսիստների օտարմամբ, որոնք ի վիճակի չէին իր հետ բովանդակալից զրույց վարել Տուրգենևի ու Պրիլեպինի լեզվով։ Ոչ, դիվերսիան բոլորովին այլ կողմից է սողոսկել։
Այսինքն՝ մի կողմից, հենց այդպես էլ կա․ ու դա վերաբերում է ոչ միայն տաքսիստներին՝ Երևանում ու Թբիլիսիում ուսանողները ավելի ու ավելի հաճախ են ամոթխած ժպիտով փախցնում աչքերը՝ ներողություն խնդրելով նրա համար, որ անգլերենն իրենց ավելի հեշտ է տրվում, քան ռուսերենը։ Այսպես է մեր շրջակայքում գրեթե ամենուր՝ անգլերենն ավելի կարևոր է․ ու գործընթացը նույնն է թե Բաքվում, թե Վիլնյուսում։ Թերևս, միակ տարբերությունը տեմպերն են, այն էլ՝ ոչ այնքան նկատելի։ Լեզվական հեղափոխություններ չեն լինում, անկախ նրանից՝ այդ թեման որքան մտահոգիչ կամ ոգևորիչ է հակամայդանների ու մայդանների համար։ Այստեղ ամեն ինչ բնական է ու օբյեկտիվ, ինչպես էվոլյուցիաների դեպքում․ թեև ցատկեր ու արագացումներ պատահում են։ Թբիլիսիում, օրինակ, թեկուզ փողոցներում, թեկուզ սուպերմարկետներում, եթե կասկածեն, որ օտարերկրացի եք, այլևս չեն փորձի պարզել մանրամասներն ու միանգամից կանցնեն անգլերենի։ Ամենայն հավանականությամբ, սակայն, կվերադառնան ռուսերենին, եթե մտցնեք անհրաժեշտ պարզությունը։
Սոցիոլոգները պնդում են՝ եթե լեզվի հարցը չքաղաքականացնել, իրականում այն մտահոգում է առավելագույնը 4֊6%֊ին։ Լեզվական տրանսֆորմացիան կլիմայի փոփոխության պես բան է․ դրա հետ ոչինչ չես կարող անել, կարող ես միայն հարմարվել։ Ու եթե լեզուն պետք չէ, կամ պետք է միայն շուկայում ուռճացված գների շուրջ վիճելու համար, այն չի բարգավաճի, կանհետանա, թեկուզ՝ աստիճանաբար՝ վերլուծաբաններին ժամանակ տալով տվայտվելու ու ինչ֊որ մեկին կասկածելու համար։
Սա, այնուամենայնիվ, միայն մի կողմն է, ու, ինչպես ասում է Դմիտրի Կիսելյովը, որևէ նորություն այստեղ չկա։ Բայց չէ՞ որ ռուսաց լեզուն ողջ է, այն, նախկինի պես, շատ ծաղկուն է ու պատկերավոր Կովկասում՝ ի նախանձ Մոսկվայի ու Տամբովի։ Կարող են մոռացվել բառեր, սակայն համակարգն ու սովորությունը մնացել են, այն էլ այնպիսի մասշտաբներով, որ ռուսաստանցի լեզվապահապանները կարող են հպարտորեն իրենց վերագրել հերթական հաղթանակները՝ տագնապ բարձրացնելու փոխարեն։ Ռուսաց աշխարհը ո՜ղջ է։
Ողջ է։ Միայն, որքան էլ տարօրինակ հնչի, դա իրականում չպետք է որևէ կերպ ուրախացնի դրա պաշտպաններին։ Լավ ռուսերենով էին, ի դեպ, խոսում Երևանում «էլեկտրամայդանի» ժամանակ։ Ռուսաց լեզուն, որով խոսում ու գրում են Թբիլիսիում, ճշգրիտ է ու պայծառ․ ավելին՝ այն շատերի համար նախկինի պես հարազատ է, ինչպես և երազում էին լեզվական կայսրության հետևորդները։ Մայդանը, որը հակակրեմլյան է, իր ցանկացած կատարմամբ ավանդաբար ռուսալեզու է։ Նույնիսկ եթե դա այնքան էլ կամ ընդհանրապես Մայդան չէ։
Ռուսաց լեզուն, ելնելով դրա երբեմնի վեհության ու դրա հանդեպ կարոտախտի ցուցանիշից, հետզհետե վերածվում է իր հակառակին։ Լավ ու գրագետ ռուսերենը դառնում է բոլորովին այլ տարբերակման նշան՝ կրիտիկական, եվրոպական, հակադարձող այն ավանդույթին, որն էլ հենց ռուսերենի հանդեպ հավատարմությունն այդքան երկար խորհրդանշում էր։
Ֆորմալ տեսանկյունից զարմանալի ոչինչ չկա։ Ռուսաց լեզուն մշտապես եղել է լավ կրթության հատկանիշ, որը, ինչպես ընդունված է կարծել, տալիս էին ռուսական դպրոցները։ Այդ կարծիքն անհիմն չէր՝ հենց այդ նույն վեհապետական պատճառներով։ Հասկանալի պատճառներով, պետություններում շեշտը միշտ դրվել է ռուսալեզու լինելու վրա՝ իր բոլոր առավելություններով ուսուցիչների համար ու նախասիրություններով՝ ծնողների։ Ընդ որում, ռուսական դպրոց հաճախելը պարտադիր պայման չէր․ ռուսալեզու լինել թույլ էին տալիս համաշխարհային միասնության ժամանակներին հասնող ընտանեկան ավանդույթները․ միայն՝ մտավորականության կատարմամբ, ինչը ևս չէր ազդում ավանդական սոցիալիստական հավատարմության վրա։
Մի խոսքով, ոչինչ էականորեն չի փոխվել։ Լավ ռուսաց լեզուն շարունակում է վկայել լավ կրթության մասին։ Փոխվել են, սակայն, դրա կրողները։ Այսինքն՝ նախկինում ևս նման մարդիկ հակված էին կասկածելու․ նրանց շրջանակը, սակայն, հարմարավետ նեղ էր ու ոչ կարկառուն։ Իսկ այժմ, երբ կասկածը զսպող ծանր կապանքները երկար թուլացումից հետո վերջնականապես ընկել են, լավ ռուսաց լեզուն վերածվել է ցուցանիշ «օտարներ֊յուրայիններ» համակարգում՝ հատկապես պահանաջված այն վայրերում, որտեղ բանակռիվը թշնամիներ է դարձրել ոչ միայն հարազատներին, այլև՝ հարևաններին։
Իրականում, նման նախադեպ արդեն եղել է․ 80֊ականների վերջին եղբայրական պետություններում խորհրդային Կրեմլի դեմ պայքարողները ռուսերենին ավելի լավ էին տիրապետում, քան, օրինակ, խորհրդային ազգային չինովնիկները (ընդ որում, ոչ միայն ազգային)։ Նրանց երեխաներն ու թոռները սովորել են անգլերեն, միևնույն ժամանակ, չմոռանալով ռուսերենը։ Հետաքրքիր է ստացվել։ Հատկապես, ռուսական աշխարհի տեսանկյունից, որին պատկանելության նշանն է հաճախ ոչ այնքան նրբագեղ բնույթի մայրենի լեզուն։ Մյուս կողմից, այն դոնեցկյան սուրժիկին (ռուսերեն և ուկրաիներեն լեզուների խառնուրդ ֊ Epress.am) հավասարեցնելը նույնպես մի փոքր կիսելյովյան ոճով է։ Բայց «ռուսալեզու բնակչությանն» այդ ռուսական աշխարհի ակտիվացման հետ կապելու մասին այլևս այդքան էլ չեն խոսում։
Հեղինակ՝ Վադիմ Դուբնով (Էխո Կավկազա)