Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում խոշոր գործարարների փոխարեն ծածկել օգոստոսի 1-ից բարձրացած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը (6.93 դրամ)։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հարկավոր է աուդիտորական ընկերություն հրավիրել, որը կվերլուծի կեզրակացնի՝ որքանով է հիմնավոր էլէներգիայի գնի բարձրացումը։
«Մինչև եզրակացության կազմումն այդ ընկերության կողմից կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը», ֊ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։
Կառավարության այսօրվա նիստին Հովիկ Աբրահամյանը հետևյալ կերպ է մեկնաբանել Սարգսյանի խոսքերը․
«Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»:
Բացի դա, այսօրվա նիստին ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:
««Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա», ֊ ասել է Աբրահամյանը: