Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված գործով գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել Խաչատրյանին և իր ընտանիքին սպանել սպառնալու մեջ և տուգանվել 120 հազար դրամով։
Դատավճռի հրապարակումից հետո Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել։
Նշենք, որ նույն գործով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել նաև Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը։ Քննիչ Ալեքսան Ղազարյանը որոշել էր, որ Բուդաղյանը կատարել է սպանության փորձ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ վերջինս սպանվել էր։ Քննիչը ապացուցված էր համարել նաև, որ փոխրհաձգության մասնակիցներ Զարզանդ Նիկողոսյանը և մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ինքնապաշտպանվել են և ազատ էր արձակել նրանց։
Հիշեցնենք, որ Բուդաղյանի սպանության գործի խնդրահարույց բնույթի մասին բամիցս խոսվել է Ազգային ժողովում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսին հիշեցրել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որ դեռևս 2013թվականին՝ գլխավոր դատախազի պաշտոնում վերջինիս թեկնածության քննարկման ժամանակ, ինքը բարձրաձայնել է փաստեր, որոնք վկայում են, որ Կոստանյանը, լինելով զինդատախազ և վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպինախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու էր տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։