Home / Տեսանյութեր / ««Գազպրոմն» ասում է՝ դատը չեք շահի»․ պայթյունից տուժածները նախագահականի մոտ են

««Գազպրոմն» ասում է՝ դատը չեք շահի»․ պայթյունից տուժածները նախագահականի մոտ են

Գազի խողովակի պայթյունից տուժած, Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչ Արտակ Պետրոսյանն իր ընտանիքի հետ միասին նստացույց է սկսել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

Պետրոսյանների ողջ տունը հրկիզած և տան անդամներին միջին և ծանր վնասվածքներ հասցրած պայթյունից երկու տարի է անցել, սակայն, ընտանիքի անդամների խոսքով, մեղավորները չեն պատժվել, իսկ իրենք փոխհատուցում չեն ստացել:

Արտակ Պետրոսյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ մեկ տարի նախաքննություն էր ընթանում, իսկ դատարանում գործընթացը սկսեց ձգձգվել։

«Փորձաքննությունները ցույց են տվել, որ այդ գազատարն ապօրինի էր, որ «Գազպրոմի» Արտաշատի գրասենյակի աշխատակիցները դրական եզրակացություն են տվել և թույլ են տվել այդ գազատարի անցկացումը: «104» ծառայության աշխատակիցները ևս իրենց գործը չեն կատարել: Մենք մի քանի անգամ զանգել ենք, ասել ենք, որ գազի հոտ է գալիս,  չեն ստուգել, մինչև պայթեց, մենք դարձանք հաշմանդամ»,- ասել է Արտակ Պետրոսյանը:

Նախագահական նստավայրի նամակների բաժնում Պետրոսյանը ներկայացրել է նախկինում իրենց ուղղված բոլոր նամակների ստացականները:

«Ես ցույց տվեցի, որ բազմիցս դիմել եմ, ու ասել են՝ կհետևենք, սակայն սայլը տեղից չի շարժվել: Այսօր էլ նորից բանավոր ասեցին, որ կհետևեն գործին: Մենք ասեցինք, որ եթե սա էլի երկար շարունակվի, մենք ստիպված հացադուլի ենք դիմելու: «Գազպրոմում» ասում են՝ մենք ուժեղ ենք, միևնույն է, դատը չեք շահի, եկել ենք հույսով, որ գոնե նախագահը մի բան կանի»,- ասել է Արտակ Պետրոսյանը:

Տուժած Պետրոսյանը ստացել է այրվածքներ, այժմ նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Պայթյունի օրը ծանր վիրավորվել է նաև Պետրոսյանի եղբոր կինը, ով այդ ժամանակ հղի էր: Թեթև վնասվածքներ են ստացել նաև  ընտանիքի մյուս 6 անդամները: Ընտանիքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից 39 միլիոն դրամ բարոյական և նյութական փոխհատուցում է պահանջում:

1pr