Արդեն մոտ 1 ամիս է հայաստանյան դեղատներից հնարավոր չէ գնել «Քսելոդա» դեղամիջոցը, որը ցուցված է չարորակ ուռուցք ունեցող անձանց։ «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ իրականում այդ դեղը մեկ ամսից ավելի է ներկրվել է «Վագա֊ ֆարմ» ընկերության կողմից, սակայն ընկերությունը չի կարողանում մաքսազերծել այն։ «Վագա֊ֆարմ»֊ի ղեկավար Վահե Վարսանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ դեղամիջոցը չմաքսազերծելու պատճառը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կողմից սեպտեմբերի 22-ին արձակած հրամանն է, որով «Վագա֊ֆարմին» արգելվել է «Քսելոդայի» ներմուծումը Շվեյցարիայից Հայաստան։ Նախարարի հրամանը հիմնված է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տված եզրակացության վրա, որի համաձայն, Հայաստանում գրացնված «Քսելոդան» ունի պիտանելիության 3 տարվա ժամկետ, իսկ ներմուծված այս խմբաքանակի պիտանելիության ժամկետը 2 տարի է։ Ըստ Վահե Վարսանյանի՝ սա անհեթեթ պատճառաբանություն է և չի կարող հիմք հանդիսանալ դեղի մուտքը Հայաստան արգելելու համար։ Ընկերության ղեկավարը նկատել է, որ տարիներ շարունակ «Քսելոդան» ունեցել է հենց 2 տարվա պիտանելիության ժամկետ և երբեք որևէ խնդիր չի ծագել։ Վարսանյանի խոսքով՝ պիտանելիության ժամկետի փոփոխության դեպքում, այն էլ՝ դրա կրճատման, նոր գրանցում չի պահանջվում, և այդ դրույթն ամրագրված է Առողջապահության նախարարի 2006 թվականի հրամաններից մեկում։
«Հայկական ժամանակ»֊ը պարզել է, որ նույն «Քսելոդան» (նույն արտադրողից՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությունից) պիտանելիության նույն ժամկետով տարիների շարունակ ներկրվել է տարբեր ներկրողների կողմից։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում