Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել, որ իրենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում պետք է «այո»-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյույրին։
Խաչատրյանը նաև ասել է, որ ցուցանիշներն այնպիսին պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում։
«Բանն այն է, որ Մաքսիմ Հակոբյանի թիմակիցներն արդեն իսկ մասնավոր զրույցներում ասել են, որ իրենք հանրաքվեի հետ կապված որևէ գործընթացի չեն խառնվելու։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից պարզել տարածված լուրերի իսկությունը։ «Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ։ Մաքսիմ Հակոբյանի հետ կապված ես որևէ խնդիր չունեմ, բայց ես ինքս իմ խնդիրն ունեմ ու պետք է անեմ»,– վստահեցրեց Սյունիքի մարզպետը», – նշում է թերթը։