Արարատ քաղաքում 35-ամյա Դիանա Նահապետյանին (լուսանկարում) դանակի 21 հարվածով սպանելու գործով այսօր կայացած նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդել է մեղմացնել կնոջ ամուսնու՝ Վոլոդյա Մուրադյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Դատախազը հիմնավոր է համարել երրորդ՝ հոգեբան Էլդա Գրինի կողմից տրված փորձաքննության եզրակացությունը, որը կրկնել է երկրորդի արդյունքը, թե սպանությունը կատարած Վոլոդյա Մուրադյանը եղել է հոգեպես խիստ հուզված, այսինքն՝ աֆեկտի տակ:
Նախնական մեղադրանքի համաձայն՝ հանցագործությունը որակվել էր «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Վոլոդյա Մուրադյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ միջնորդել էր իրեն մեղմ դատել՝ 6-12 տարի. մեղադրողը էլ ավելի է մեղամացրել պատիժը՝ մեղադրանք առաջադրելով քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը: Այս հոդվածը սահմանում է առավելագույնը 4 տարի ազատազրկում:
Դիանա Նահապետյանի իրավահաջորդը՝ մայրը, և վերջինիս ներկայացուցիչը՝ Նաիրա Մկրտչյանը, համաձայն չեն փորձաքննության արդյունքի հետ: Նրանք կարծում են, որ ճիշտ է առաջին փորձաքննությունը, որի համաձայն՝ մեղադրյալը հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել. այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։