Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ, քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան։ Այս մասին Epress.am–ի հետ զրույցում ասել է Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Փաստաբանի փոխանցմամբ, այսօր առավոտյան, երբ Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, ամուսնուն տեսակցելու նպատակով գնացել է ՔԿՀ, նրան հայտնել են, որ Գասպարիին կալանավայրից տեղափոխել են Նորքի հոգեբուժարան:
Գյուրջյանի հավաստմամբ, սակայն, Գասպարին գտնվում է հոգեպես հավասարակշիռ վիճակում. «Մենք պատրաստվում ենք գնալ հոգեբուժարան և տեղում պարզել խնդիրը»։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Գասպարին բոյկոտում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը և չէր ներկայանում դատերին։
Նշենք, որ գործով առավելագուն պատիժ է սահմանված 2-3 ամիս կալանավորումը։ Գասպարիի պաշտպաններն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել են, որ կալանավորման որոշումն ապօրինի է և ունի քաղաքական դրդապատճառներ։