Home / Հայաստան / Գասպարիի գործով դատավորը խառնաշփոթ է ստեղծում և խախտում «Քրեական դատավարության» օրենսգիրքը

Գասպարիի գործով դատավորը խառնաշփոթ է ստեղծում և խախտում «Քրեական դատավարության» օրենսգիրքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 3-ին պետք է շարունակվեր դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ Վարդգես Գասպարի գործի քննությունը:

Դատավորը նիստի սկզբում հետաքրքրվեց, թե անցած դատական նիստին իր կողմից 6 ժամով հեռացված Վարդգես Գասպարին ինչու չի ներկայացել դատին։ Գասպարիի պաշտպանը հիշեցրեց, որ ինքը 6 ժամով հեռացրել էր Գասպարիին նիստերից, սակայն Նելլի Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքն արդեն թույլ է տվել նրան մասնակցել նիստին, որի մասին ծանուցում է ուղարկվել։

Հայտարարված 5 րոպե ընդմիջման ընթացքում Տիգրան Եգորյանը պարզեց, որ Գասպարին պատշաճ չի ծանուցվել եւ չի կարող ներկայանալ դատական նիստին: Գասպարիի բացակայության պատճառով դատավորը հետաձգեց նիստը մինչև մարտի 9-ը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ դատարանը չի կարող ինքն իր որոշումը վերանայել, քանի որ «Քրեական դատավարության» օրենսգիրքը նրան այդպիսի լիազորություն չի տալիս․ «Ակնհայտ է, որ դատարանը հայտնվել է փակուղում, որովհետև նախ Վարդգես Գասպարիին մի քանի անգամ բերման է ենթարկել դատական նիստերին մասնակցությունն ապահովվելու նպատակով, դրանից հետո խափանման միջոց է ընտրել կալանքը՝ կրկին նշելով, որ դա նույնպես նիստերին մասնակցությունը ապահովվելու նպատակով է արվում, իսկ դատական նիստին հեռացրել է նիստերի դահլիճից։ Ակնհայտ է , որ դատավորը լավ չի կողմնորոշվում, թե ինչ է ցանկանում և ինչ է անհրաժեշտ դատական այս գործընթացի համար, որի արդյուքնում ստեղծվում է մի խառնաշփոթ, որից դատավորն էլ գլուխ չի հանում»:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու և խոշտանգումների ենթարկվել «Նուբարաշենի» բանտում:

Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին «վիրավորական արտահայտություններ» հնչեցնելու մեջ: Գասպարին բոյկոտում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը և չէր ներկայանում դատերին։