Home / Հայաստան / Գրավման օրը Հայաստանի իշխանությունների համար իրավիճակը հաղթական էր թվում

Գրավման օրը Հայաստանի իշխանությունների համար իրավիճակը հաղթական էր թվում

Հեղինակ՝ Վադիմ Դուբնով

Տպագրվել է՝ Էխո Կավկազա կայքում

ՊՊԾ գնդի գրավված շենքի պատմությունը հոդվածը գրելու պահին բավականին տրագիկոմիկ է՝ կատարյալ օրինակ, թե ինչպես է երկրի ղեկավարությունը տանուլ է տալիս անգամ այն, ինչը սկսվում էր իր համար որպես բոնուս:

Երևանցի դավադրության տեսաբանները գրավման առավոտյան ցնծալու ոչ պակաս պատճառներ ունեին, քան՝ ստամբուլցիները, որոնք անմիջապես Էրդողանին կասկածեցին ուրբաթ օրվա հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Եվ իսկապես, հայաստանյան իշխանությունների ձեռքն այնքան մեծ թվով չնախատեսված հաղթաթղթեր ընկան, որ հարձակումը հենց իշխանությունների կողմից կազմակերպված լինելուն հավատալուն խանգարեց միայն «Հիմնադիր խորհրդարանի» տարօրինակությունների ու դրա առաջնորդի՝ Ժիրայր Սեֆիլյանի արմատական միտումների մասին համատարած տեղեկացվածությունը:

Նույնիսկ Հայաստանի նախագահի ամենահետևողական քննադատներն ստիպված եղան փաստել, որ իրենց գործողություններով հարձակվողներն անգամ իրենց մոտ են կասկածներ առաջացնում Սեֆիլյանին առաջադրված՝ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքի անհիմն լինելու վերաբերյալ: Ոչ մի քաղաքական ուժ, անկախ դրա ընդդիմադիրության աստիճանից, չողջունեց ապստամբների պոռթկումը՝ այն անիմաստ ու նույնիսկ սադրիչ համարելով:

Սեֆիլյանը, սակայն, պարզապես պատանդներով զուգորդվող ապստամբություն չէ: Սեֆիլյանը Ղարաբաղին հարակից օկուպացված հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու ակտիվորեն քննարկվող նախագծի կապակցությամբ Ղարաբաղում և Հայաստանում հասունացող բողոքի արմատական մարմնավորումն է: Ընդհանուր առմամբ, «այս կամ այն չափով ճանաչումը այս կամ այն չափով տարածքների դիմաց» սկզբունքն այս քսան տարիների ընթացքում ընկած էր բոլոր բանակցությունների հիմքում: Հարցն այդ «այս կամ այն չափն» ու պայմանավորվածությունների կատարման կարգն էր՝ փուլային կամ փաթեթային: Հայաստանում այսօր կա համընդհանուր կարծիք, որ Մոսկվան շփման գծում ապրիլյան բախումներից հետո ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ աննախադեպ հետաքրքրվածություն է սկսել ցուցաբերել՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա ու պահանջելով վերադարձնել շրջանները, ինչը վերջինիս ավելի ու ավելի անհնարին է թվում: Հետևաբար, առաջին հայացքից կարող էր թվալ, որ «Սասնա ծռերի»  ելույթը Հայաստանի նախագահը ցանկանում էր մատուցել Մոսկվային որպես շրջանները հանձնելուց հետո Հայաստանին ու անձամբ իրեն՝ հավատարիմ դաշնակցին, սպասվող հետևանքների վիզուալ պատկեր, ինչի համեմատ Էրեբունիի իրադարձությունները պարզ շնչառական վարժություններ են:

Հայաստանի ղեկավարության համբերարատարությունն ու խաղաղասիրությունը միայն նման կերպ կարելի է բացատրել, որը երեք օրվա ընթացքում տեղի ունեցողի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել: Իշխանություններն, ասես, վայելում են ոչինչ չանելու հնարավորությունը՝ հույսը դնելով իրադարձությունների ընթացքի վրա, որը որևէ տհաճ անակնկալներ չի խոստանում:

 

Այստեղ, սակայն, կա մի նրբություն: Հայաստանի իշխանություններն առաջին անգամը չէ, որ ձեռքից բաց են թողնում իրավիճակը՝ ելնելով անգործության նկատմամբ սիրուց: Համոզմունքը, որ ամեն ինչ կավարտվի բարեհաջող, արդեն երկու անգամ նախագահ Սարգսյանին հետ է պահել պատմության մեջ իր տեղը զվաղեցնելուց: Առաջին անգամ՝ 2008 թվականին, երբ նա ձեռքերը ծալած հետևում էր, թե ինչպես է կորչում պոտենցիալ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի հետ հաշտեցման համար: Հինգ տարի անց նա նույն խոնարհությամբ Եվրոպայի հետ ասոցացմանը, որին Հայաստանը գնում էր որպես Արևելյան Եվրոպայի գլխավոր գերազանցիկ, նախընտրեց հավերժական եվրասիականությունը: Այս տարվա ապրիլը Հայաստանի ղեկավարությանը ստիպեց չտեսնված բարձր շշուկով բողոքել Երևանի պատմական թշնամուն զինող ռազմավարական դաշնակցի երկիմաստ վարքագծից: Բայց դա բավական էր, որպեսզի բոլորը հասկանան. հայաստանյան իշխանություններն ավելի վճռական քայլերի չեն դիմի, չեն կարող դիմել, ոչ էլ, առանձնապես, դրա կարիքն ունեն:

Մեր տարածքներին բնորոշ իշխանության մոդելը հայաստանցիների կատարմամբ հատկապես ճակատագրական էր: Ղարաբաղյան հակամարտության պատճառներին ինչ գնահատական ասես կարելի է տալ: Մի բան, սակայն, անհերքելի է. ուրիշի հողերը զբաղեցնողը, թեկուզ և պատմական հաղթանակի արդյունքում, պետք է եթե ոչ ընդունի պատմական պարտություն կրածի՝ դրանք վերադարձնելու փորձի իրավունքը, ապա գոնե նրա այդ իրավունքը հաշվի առնելով, գործնական քայլեր ձեռնարկի. մեծացնել քաղաքական, տնտեսական, ռազմական ու դիվանագիտական ներուժը, որպեսզի պատասխանատու պահին պատրաստ լինի դրան: Հնարավոր է՝ մեր ժանրի երկրներից և ոչ մեկը նման իրավիճակում չէր փայլի: Բայց այդ իրավիճակում հայտնվեց հենց Հայաստանը, որը վերը նշվածի համար պատասխանատվությանը գերադասեց պատասխանատվությունից ազատող, բայց ծանոթ ու գաղափարապես հարազատ եվրասիականությունը:

Ու այժմ իշխանությունները դատապարտված են պարտվելու նույնիսկ հաղթական թվացող իրավիճակներում: Արդեն երկրորդ օրը «ծռերի» վերաբերյալ տարակուսանքն աստիճանաբար փոխարինվեց իշխանությունների հանդեպ արդեն սովորական դարձած վրդովմունքի, որն այդպես էլ չպատասխանեց ապրիլյան և ոչ մի հարցի: Եվ դա հիշվեց, ու զինված խմբին պատասխանատվությունից ազատելու պահանջը (չնայած նրանց կատարած սպանությանը, բայց դա ում է հետաքրքրում) համապատասխանորեն վերաճեց «Արցախի և ո՛չ մի թիզ թշնամուն» կարգախոսի: Եվ սա այն դեպքում, երբ ոչ մի թշնամի վերջին օրերին, առավել ևս Էրեբունու իրադարձություններից հետո, որևէ թիզի հետ կապված որևէ հավակնություն չի էլ ներկայացրել:

Հենց դրանում է կայանում մեր եվրասիական պոստմոդեռնիզմի ողջ հմայքը. իշխանությունները, անկախ ամեն արած-չարածից, միշտ վստահ իրենց հաջողության մեջ, ստանում են դեռևս չտրված հարցի պատասխանը: Իսկ թե ինչ է դրված բանակցությունների սեղանին, հայտնի չէ: Մոսկվայից հայաստանցիների մտավախությունները հաստատում է միայն Սերգեյ Մարկովը, ով պնդում է, որ ամեն ինչ արդեն իսկ համաձայնեցված է թե՛ Երևանի, թե՛ Արևմուտքի հետ: Իհարկե, Մոսկվային չէին խանգարի Ղարաբաղի խաղաղ կարգավորման դափնիները, բայց, հավանաբար, ոչ ամեն գնով: Առավել ևս, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարել ոչ միայն Երևանի, այլև Արևմուտքի ու Մինսկի խմբի հետ: Մի խոսքով, անդիմադրելի ճնշման ակնհայտ նշաններ չեն նկատվում: Այլ հարց է նման ճնշմանը հարմարավետորեն զիջելու արդեն ծանոթ գայթակղությունը՝ ժողովրդին հավաստիացնելով դրա անդիմադրելիության մասին: Այսօր, սակայն, նման վարքը ռիսկային է, ու, հետևաբար, դեռևս շատ մեծ հարց է, թե ինչ պետք է անել, այդ թվում՝ Սեֆիլյանի հետ:

Բայց ժամականը, ինչպես միշտ, արդեն աշխատում է ի վնաս իշխանությունների, և այլևս այնքան էլ կարևոր չէ, թե այս ամբողջ պատմությունն ինչով կավարտվի: «Ոչ մի թիզ հող» կարգախոսները, որոնցով կարելի էր վախեցնել Մոսկվային, արդեն իսկ հնչում են Էրեբունիում՝ առաջ անցնելով այդ առումով իշխանությունների գործողությունների կամ անգործությանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ իրավիճակն այդքան հաղթական էր թվում: