Երեկ՝ օգոստոսի 17-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են օգոստոսի 7-ին Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած Արարատի մարզի Այգեպատ գյուղի 62-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանին։ Այս մասին Epress.am-ին հայտնել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից։ Հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար մարզի տարածքում։
«Մենք հնարավորություն ենք ընձեռել, որ նա ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակի։ Սակայն, Աղեկյանի շահերից ելնելով, չենք կարող ասել, թե ինչ ֆիզիկական և հոգեկան վիճակում է գտնվում նա», – ասել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից։
Կազմակերպության ներկայացուցիչը հավելել է, որ, ըստ օրենքի, եթե լինի կողմերի համաձայնություն, Կարմիր Խաչը, որպես չեզոք կողմ, իր մանդատի շրջանակներում կարող է ապահովել, որ Աղեկյանը վերադարձվի Հայաստան․ «Թե ոնց կլինի այդ դեպքի հետ կապված, մանրամասներ չենք կարող ասել»։