Home / Հայաստան / Ուրիշ Թուրքիա. լրագրողներին նախկինում սպանում էին, բայց այսքան դժվար երբեք չի եղել

Ուրիշ Թուրքիա. լրագրողներին նախկինում սպանում էին, բայց այսքան դժվար երբեք չի եղել

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո երկրում լրագրությունը վտանգավոր մասնագիտությունից վերածվել է արգելվածի։ Տեղական ԶԼՄ-ների աշխատակիցները մեկը մյուսի հետևից հայտնվում են ճաղերի hետևում․ ձերբակալված լրագրողների թիվը, վերջին տվյալների համաձայն, հասնում է 140-ի։ Համաձայն կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին որոշման, հուլիսի 15-ից հետո Թուրքիայում փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց։ Լրագրողներին մեղադրում են թուրք գրող, հրապարակախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, որը, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, հանդիսանում էր ռազմական ըմբոստության կազմակերպիչը։ Ռուսաստանյան «Նովայա գազետա»-ի հետ զրույցում չորս թուրք լրագրողներ պատմել են երկրում տիրող իրավիճակի մասին։ Նրանք չեն վախենում նշել իրենց անունները, քանի որ աշխատում են միջազգային լրատվամիջոցներում կամ տեղափոխվել են մեկ այլ երկիր։

Ասլի Այդընտասբաս, ստամբուլյան Cumhuriyet օրաթերթի սյունակագիր․

Asli-Aydintasbas1

– Խոսքի ազատությունը Թուրքիայի հավերժական խնդիրներից է։ Երբ փոքր էի, մեծահասակներից հաճախ է լսում «մտքի հանցագործություն» ասվածը։ Ի սկզբանե, իշխանությունները պայքարում էին քուրդ քաղաքական գործիչների դեմ։ Հեղաշրջման փորձից հետո, սակայն, սկսեցին գործեր հարուցել Գյուլենի շարժման ներկայացուցիչներին կարեկցող լրագրողների ու գրողների դեմ։ Կարևոր չէ, որ նրանք հեղաշրջման հետ որևէ առնչություն չեն ունեցել․ նրանք, միևնույն է, «ահաբեկիչների մեղսակիցներ» են։

Այսօր Թուրքիայում հնարավոր չէ կազմակերպել բողոքի ցույց, որը չի ավարտվի ձերբակալություններով, որի ժամանակ չի կիրառվի արցունքաբեր գազ։ Լավ եմ հիշում 2013 թվականի՝ Գեզի այգու շուրջ ցույցերը։ Այդ երկիրն այլևս չկա․ սա այլ Թուրքիա է, ու այստեղ փողոցային բողոքի ցույցերն արգելված են։

Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ այլախոհների հետ կապված իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան Ռուսաստանում։ Ներկայիս ռեժիմի աջակցությունը հասարակությունում 50-50 է։ Էրդողանի դեմ բողոքը, չնայած նրան աջակցողների հսկայական թվին, շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի ընդդիմադիր շարժումը։

Իշչին Էլիչին, հոկտեմբերի 4-ին փակված IMC TV ընդդիմադիր հեռուստաալիքի լրագրող, այժմ ապրում և աշխատում է Լոնդոնում

Ishin_Elichin1

– Լրագրությամբ զբաղվում եմ ավելի քան 20 տարի։ Ես 3 տարեկան էի, երբ 1971 թվին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, և 12 տարեկան, երբ այն կրկնվեց 1980-ին։ Թուրքիայում լրագրողներին սպանում էին իրենց աշխատանքը կատարելու համար․ ինչպես ձեր թղթակցին՝ Աննա Պոլիտկովսկայային։

Մեր ընտանիքի շատ մոտ բարեկամը՝ հայտնի լրագրող Ուգուր Մումջուն, սպանվեց 1993 թվին։ Իմ լավ ընկեր լրագրող Հրանտ Դինքին, նա հայ էր, սպանեցին 2007-ին։ Այժմ լրագրությունում տեղի ունեցողը, սակայն, վատթարագույնն է մեզ հետ երբևէ տեղի ունեցածից։

Կար մի շրջան, շատ կարճ, երբ բոլորս կարծում էինք, որ վերջապես վերածվում ենք ժողովրդավարական հասարակության։ Իսկ այն, ինչ հիմա է տեղի ունենում․․․ Շատ հիասթափված ենք երկրում իրավիճակից։ Կյանքը մեր մասնագիտության ներկայացուցիչների համար այստեղ անհեռանկար է․․․ Անկախ ու ազնիվ լրագրողի համար Թուրքիայում միշտ էլ դժվար է եղել։

Ավելի քան 2500 լրագրող հեղաշրջման փորձից հետո կորցրեց աշխատանքը։ Իշխանությունները չեն ուզում՝ մարդիկ ընթերցեն լրագրողների հետաքննությունները։

Ես տեղափոխվեցի Լոնդոն։ Իմ բախտը բերեց․ ես ընտրության հնարավորություն և հեռանալու միջոցներ ունեի։ Մեր հասարակությունը հուսալքված է, բոլորը ահաբեկված են։ Իմ գործընկեր Ասլի Այդընտասբասը Washington Post-ի իր հոդվածում գրում է․ «Ավտորիտար համակարգում ապրող մարդկանց հետ տեղի ունեցող երևույթներից մեկը բոլոր զգացմունքների բթացումն է»։

Մեհվեշ Էվին, Milliyet թերթի նախկին սյունակագիր, հեռացվել է 2015 թվին՝ առանց բացատրության, իր խոսքով՝ «խմբագրության հետ քաղաքական տարաձայնությունների» պատճառով։ Այժմ համագործակցում է Diken գործակալության հետ

Mehvesh_Evin1

– Լրագրությամբ զբաղվում եմ 1993 թվից սկսած։ Այն ժամանակ զինված ուժերն ուղիղ ճնշում էին գործադրում անկախ լրատվամիջոցների վրա։ Ամենաբարդ իրավիճակում քուրդ լրագրողներն էին գտնվում․ նրանցից շատերը սպանվեցին։ Այսօր Թուրքիայում տեղի ունեցողը, սակայն, աննախադեպ է։

Ես տասը տարեկան էի, երբ տեղի ունեցավ ամենադաժան ռազմական հեղաշրջումը: 1980 թիվն էր։ Չկար խոսքի ազատություն, ու քաղաքական ակտիվիստներին զուգահեռ ձերբակալվեցին նաև բազմաթիվ լրագրողներ։ Այն ժամանակ բանտում հայտնվածներն ասում են․ «Այսքան վատ դեռ չէր եղել։ Պատճառն այն է, որ սա ղեկավարվում է օրենքով։ Այո, արտակարգ դրություն է։ Բայց ղեկավարում է օրենքը»։ Լեզվաբան ու գրող Նեքմի Ալփեյը, ով այն ժամանակ բանտ էր ընկել ու այս անգամ կրկին ձերբակալվեց, ասում է, որ 90-ականներից հետո «գովազդային դադար» եղավ, ու այժմ․․․ Ամեն ինչ կրկվում է։

Լրագրողների սպանությունների առումով գագաթնակետը 90-ականներն էին։ Մեր մասնագիտության ներկայացուցիների նկատմամբ ճնշումների առումուվ, սակայն, առաջատարը, իհարկե, 2016 թիվն է։

Թուրքիայի իշխանությունները չեն ուզում, որպեսզի ԶԼՄ-ները որևէ ազդեցություն ունենան հասարակության վրա։ Նրանք պետք է ենթարկվեն Էրդողանին ու ողջունեն նրա յուրաքանչյուր գործողություն։ Հարց է ծագում․ իսկ ո՞ւր մնաց մարդկանց՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Որո՞նք են, այդ դեպքում, լրագրողի պարտականությունները։

Փողոցները լուռ են․ մարդիկ միայն սոցիալական ցանցերում են ինչ-որ կերպ արձագանքում տեղի ունեցողին։ Հասարակությունն ունի զանգվածաբար չբողոքելու մի շարք պատճառներ։ Նախ, Գեզի այգում 2013 թվի բողոքի ցույցերից հետո, որոնց հետևանքով տասը մարդ զոհվեց և ավելի քան հազար մարդ վիրավորվեց, կառավարությունը անվտանգության լրացուցիչ միջոցներ ներդրեց ու, հետևաբար, սահմանափակեց հանրային բողոքները։ Եվ երկրորդը, վերջին 16 ամիսների ընթացքում հանրային վայրերում բազմաթիվ պայթյուններ էին տեղի ունենում։ 2015 թվի հոկտեմբերի 15-ը Թուրքիայի պատմության մեջ հատուկ ամսաթիվ է․ ավելի քան 150 մարդ սպանվեց Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ։ Ու մենք մինչ օրս չգիտենք, թե նրանց ով սպանեց։ Չեմ կարծում, որ երբևէ կիմանանք։

Այնուամենայնիվ, այո, հասարակությունը ցանկանում է իր դժգոհություն ու բողոքն արտահայտել։ Բայց [միայն սոցցանցերում բողոքելը] շատ քիչ է։ Միայն այն պատճառով, որ մարդիկ վախենում են հայտնվել բանտում․․․Կամ մահանալ։

Չեյդա Քարան, Cumhuriyet-ի թղթակից

Ceida_Karan1

– Կարող եմ տեղի ունեցողի մասին ազատ խոսել, քանի որ տեղական ԶԼՄ-ում չեմ աշխատում, այլ՝ միջազգային։ Լավագույնն ու միակը, ինչին իշխանություններն ընդհանրապես ընդունակ են, դա ստելն է։ Հասարակության իսլամիստական մասը հավատում է պետական ԶԼՄ-ներին, բայց դա միշտ է այդպես եղել։ Նրանք չեն վստահում անկախ լրատվամիջոցներին։ Մեր ժողովրդի կեսը հավանություն է տալիս իշխանությունների գործողություններին, քանի որ տեսնում է, որ այդ հայացքներն աջակցություն են ստանում թերթերում ու հեռուստատեսությունում։ Հասարակության մյուս կեսը, սակայն, ատում է կառավարությանը։ Ոմանք փորձում են այլընտրանք գտնել հեռուստացույցին առցանց լրատվամիջոցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, անկեղծ ասած, մենք չունենք ընդդիմադիր առաջնորդներ։ Իսկ դա շատ վատ է։