Այս տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում աճել են ընտանիքում ֆիզիկական բռնության մասին ահազանգերը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարել է «Կանանց իրավունքների կենտրոն» կազմակերպության հոգեբան Մարինե Եղիազարյանը:
Նշված ժամանակահատվածում կազմակերպությունը Երևանում թեժ գծով ստացել է 1574 զանգ, որից 1272-ը եղել են ընտանեկան բռության մասին զանգեր:
Վիճակագրության համաձայն, զանգերի 48 տոկոսը վերաբերում են հոգեբանական բռնության դեպքերին, 50 տոկոսը՝ ֆիզիկական, 2 տոկոսը սեռական բռնությանը վերաբերող զանգերն են:
Կազմակերպության 7 մարզային գրասենյակներից հետևյալ վիճակագրական տվյալներ են ստացվել․ 2125 զանգերից 1816 ընտանեկան բռնության վերաբերող զանգեր են: Եղիազարյանի խոսքով՝ մարզերի վիճակագրությունը դարձյալ ցույց է տալիս, որ ֆիզիկական բռնությանը վերաբերող զանգերի թիվն աճել է:
2010-2015թթ․ ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 35 կին: «Հասարակություն առանց բռնության» կազմակերպության տնօրեն Լիդա Մինասյանի տվյալներով, այս տարի էլ արձանագրված ընտանեկան և գենդերային հիմքով բռնության հետևանքով 7 կին է մահացել:
«Նման սպանության դեպքերն արդյունք են հասարակության անտարբերության, նաև, առաջին հերթին, այն ինստիտուտների անտարբերության, որոնք պետք է գործեն, բայց չեն գործում: Մասնավորապես, խոսքս ոստիկանության մասին է: Այս դեպքերից գրեթե բոլորում ներգրավված կանայք իրենց կյանքի ընթացքում դիմել են ոստիկանություն, ենթարկվել են բռնության, խոշտանգումների, ոստիկանությունը նրանց կա՛մ ուղղակի ուղարկել է հետ, որպեսզի խնդիրները իրենք լուծեն, կա՛մ ասել է՝ դիմումդ գուցե հետ վերցնես, կամ ամոթանք է տվել, թե ինչու ես ամուսնուդ դեմ գործ տալիս», – նշել է Մինասյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանի խոսքով՝ այս պահին Հայաստանում բռնության ենթարկված կնոջը պետական որևէ աջակցություն չեն ցուցաբերում, թեպետ կա սոցիալական աջակցության մասին օրենքը:
Բանախոսներն անդրադարձել են նաև «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի մասով Արդարադատության նախարարության վերաբերմունքին:
«Ըստ միջազգային պարտավորությունների և Եվրամիության ֆինանսավորման՝ ՀՀ կառավարությունն այժմ ունի պարտավորություն ընդունելու «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որը ներկայումս, ըստ պետական կառույցների ներկայացուցիչների, գտնվում է մշակման փուլում: Սակայն պետությունը [քննարկումների ընթացքում] պարտավոր է ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին», – նշել է Մինասյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիական հասարակությունը, սակայն, բացարձակ ներգրավված չէ:
Բանախոսները մտավախություն են հայտնել, որ եթե անգամ օրենքը մշակվի և ընդունվի, այն մյուս օրենքների նման չի գործելու, քանի որ օրենք մշակողները ուղղակի տեսական գիտելիքներ ունեն ընտանեկան բռնությունների մասին, սակայն բռնության ենթարկված մարդկանց հետ շփման փորձ չունեն:
«Մեր՝ հասարակական կազմակերպությունների կուտակած փորձը պետությունը չի ուզում կիսել», – ասել է Հասմիկ Գևորգյանը: