Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է մոտ 25 օր տևած իր հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է Վարդանյանի դուստրը։
«Նա վատ էր զգացել իրեն, բժշկական օգնություն էին ցուցաբերել և այնուհետև դադարեցրել էր հացադուլը», – նշել է նա։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վարդանյանի որդին՝ Տիգրան Վարդանյանը ասել էր, որ հացադուլի միջոցով միջոցով հայրն իր բողոքն է արտահայտում Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների և անմեղ դատապարտվածների համար։
Իր հերթին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Վարդանյանը հացադուլով պահանջում է հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։
Մեզ հետ զրույցում Տիգրան Վարդանյանը նշել էր, որ հայրը իր համար համաներում չի ակնկալում․ «Եթե անգամ տան, ինքը չի ընդունելու այն, իր բողոքը մնացած մարդկանց համար է»։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա 12 ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական ուժեր Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: