Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 3-ին, բավարարել է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով ընտրված, սակայն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացրած թեկնածուների նոր դիմումները՝ ինքնաբացարկից հրաժարվելու և պատգամավորական մանդատ ստանալու ցանկության մասին։ Դիմումատուները, որոնց թիվը երկու օրվա ընթացքում ավելանում էր և դահլիճում որոշման հրապարակման պահին հասավ 12֊ի, պնդում էին, որ իրենք տեղյակ չեն եղել, որ իրենց անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել և չեն էլ ցանկանում խոսել այն մասին, թե ո՞վ և ինչպե՞ս է դա արել։
Դիմումները հետ վերցնելու եկած թեկնածուները և նրանց պաշտպանները պնդում էին, որ ԿԸՀ է ներկայացվել 2017 թվականի փետրվարին ստորագրված փաստաթղթեր այն մասին, որ իրենք հանում են ընտրույթուններից իրենց թեկնածությունը։
«Իսկ հիմա թեկնածությունից հրաժարվելու դիմում ներկայացվել է որպես մանդատից հրաժարվելու դիմում։ Իսկ փետրվարին մարդը չէր կարող իմանալ ապրիլին ընտրվելու է, թե՝ ոչ։ Անտրամաբանական է»,֊ ասել է դիմումատու Սերգեյ Բագրատյանի փաստաբան Հարություն Հարությունյանը։
Այն հարցին, թե փետրվարին ինչո՞ւ են նման դիմում ստորագրել, Հարությունյանը ասաց․ «Դա արվում է զուտ նրա համար, որ եթե հիվանդության կամ հանրապետությունում չլինելու պատճառով չեն կարող մասնակցել ընտրություններին, չլինեն ցուցակներում»։
Նապալեոն Ազիզյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այլ պատճառ է բերում․ «Ստորագրել է, քանի որ ընտրություններին մասնակցելու նպատակ չուներ, քանի որ միջոցներ չուներ։ Բայց պարոն Ծառուկյանը ֆինանսավորեց, էդ հնարավորությունն ընձեռեց»։
«Ծառուկյանը ֆինանսավորեց, հետո որոշեց, որ Ազիզյանը պիտի խորհրդարանում չլինի՞», հարցրել է լրագրողներից մեկը։
Հովհաննիսյանը, ինչպես ավելի վաղ այլ փաստաբանները, խուսափել է «քաղաքական բնույթի հարցերից»՝ ասելով․ «Սա քաղաքականություն ա, ես չեմ կարող ասել, թե Ծառուկյանն է որոշել, թե ով է որոշել»։
Արդյոք ներկայացված դիմումները մանդատից հրաժարվելու դիմումներ էին, թե ոչ․ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ոչ հստակ, լղոզված պատասխան է տվել․ «Դրանց բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք վերաբերում էին մանդատներից հրաժարվելուն։ Դիմումից պետք է ընկալել դրա բովանդակային կողմը, բովանդակային շեշտադրումները»։
ԿԸՀ֊ն որոշել է, որ 12 դիմումատուներից 8-ը կստանան մանդատներ՝ Սերգեյ Բագրատյան, Խաչիկ Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Արարատ Զուրաբյան, Վահան Կարապետյան, Հարություն Ղարագյոզյան, Արտյոմ Ծառուկյան, Արթուր Մանուկյան։
4 հոգի՝ Հրանտ Դավթյան, Ալիկ Եղիկյան, Մուշեղ Սաղաթելյան և Մանուկ Սուքիասյան, մանդատ չեն ստանա․ Մուկուչյանի խոսքով՝ դա պարզ է դարձել «Ծառուկյան» դաշինքի ստացած ձայների հաշվարկից հետո։