Այսօր գիշերն անհայտ անձինք կոտրել են «Տրոպիկա» ընկերության պահեստի դուռը և բոլոր սառնարանների վրա, որտեղ բանան է պահվում, ծծմբական թթու են լցրել։ Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը նշել է, որ պատճառն ընկերության կողմից ներկրվող բանանն է․ «Հստակ է՝ չեն ուզում, որ մենք բանան ներկրենք»:
«Տրոպիկա» ընկերությունն անցած տարվա վերջից սկսած Հայաստան է ներկրում ամսական 40-60 տոննա բանան։ Ընկերությունը մի շարք պայմանագրեր ունի խոշոր սուպերմարկետների հետ, որոնց էլ վաճառում է բանանը։ «Տրոպիկա»-ն բանանի ներկրմամբ զբաղվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթից հետո, երբ վերջինս 2016 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցում հայտարարել էր, որ յուրաքանչյուր մարդ կարող է Հայաստան ներկրել ամեն ապրանք․ «Երբ որ իմանաք, որ նման խոչնդոտ կա, անձամբ ինձ զանգահարեք»։
Վահրամ Միրաքյանի խոսքով՝ օգոստոսի 10-ի գիշերվա արարքի հեղինակները հստակ իմացել են՝ ինչ են անում, քանի որ ծծմբական թթուն լցրել են սառնարանի ամենակարևոր տեղերում, որպեսզի այն դադարի գործել։ Պահեստի տարածքում տեսահսկող սարքեր չեն եղել ։
Թե ինչքան վնաս է կրել ընկերությունը, Միրաքյանը դժվարացել է նշել, քանի որ սարքերի վրա դեռ շարունակում է մնալ ծծմբական թթվի ազդեցությունը։
«Տրամաբանությունը հուշում է, որ դեպքը կապված է մեր գործունեության հետ՝ այսինքն բանան ներկրելու հետ։ Ուզում են վնասեն», – նշել է Միրաքյանը։
Վերջինս ընդգծել է, որ խնդիրը միայն նյութական վնասն չէ, այլ հարց է՝ արդյոք բանանի ներկրման ոլորտում կարելի՞ է գործունեություն ծավալել, թե ոչ․ «Փաստորեն չենք կարող, ինչ-որ մարդիկ չեն ուզում»։
Նշենք, որ Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհն, ըստ շրջանառվող լուրերի, երկար տարիներ պատկանել է ներկայումս ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին» կազմակերպությանը։
Նկարները՝ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից։