«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, որը արդեն 25 օր հացադուլ էր անում, այսօր դադարեցրել է այն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձազրույցից հետո։ Այս մասին ասված է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրությունում։
ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նա անցել է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այժմ աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։
Նշենք, որ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել և պահանջում են իրենց
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Բիլյանը պահանջում էր նաև իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհրաժեշտության դեպքում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։