Home / Հայաստան / Փոստանջյանին արգելել են Վրաստան մտնել․ նա դիմել է դեսպանատներին

Փոստանջյանին արգելել են Վրաստան մտնել․ նա դիմել է դեսպանատներին

Հունվարի 21֊ին Վրաստանի սահմանապահները արգելել են երկիր մուտք գործել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին՝ պատճառաբանելով, որ արգելքն օրինական է «օրենքով սահմանված այլ պատճառներով»։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է ինքը՝ Փոստանջյանը՝ նշելով, որ սահմանապահները չեն մանրամասնել, որոնք են այդ «այլ» պատճառները։

Փոստանջյանն այս արգելքը համարում է ապօրինություն։ Իրավիճակը պարզելու համար նա դիմել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը։

«Մենք գնում էին Վրաստանի հայաբնակ Ախալքալակի շրջան՝ համահայկական ընդվզման քարոզչության շրջանակներում՝ նպատակ ունենալով կյանքի կոչել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները», ֊ ասել է նա։

Հիշեցնեք, որ Փոստանջյանը համահայկական ընդվզման կոչով հանդիպումներ է ունեցել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ նաև այլ երկրներում, մասնավորապես, ԱՄՆ֊ում և Ռուսաստանում։

«Երկիր Ծիրանի» կուսակցության կայքում նշված է, որ կուսակցությունը նպատակ ունի «նպաստելու անդրսահմանային հայ ազգի քաղաքական կազմակերպմանը՝ հայկական պետականության գործերում նրանց քաղաքական ներգրավվածությանը»։ Դա անելու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մտադիր է աշխարհի բոլոր հայաշատ վայրերում ունենալ իր ներկայացուցչական մարմինները: