18։25 17֊ամյա Մելիքսեթ Մկրտչյանը ոստիկանությունում ենթարկվել է բռնության։ Ոստիկանները հարվածել են նրա կողերին և պահանջել են չմասնակցել հանրահավաքին։ Ավելի վաղ նա մասնակցել է Գյումրիի կենտրոնական հրապարակում կայացած հավաքին․ Մկրտչյանին բերման են ենթարկել տան ճանապարհին։
17:35 17-ամյա գյումրեցի Ռոբերտ Ավալյանին ոստիկանության «Կումայրի» բաժին էին տարել Գյումրիի կենտրոնական հրապարակից: Նրա խոսքով՝ բաժնի պետը պահանջել է տուն գնալ հակառակ դեպքում սպառնալով, որ եթե տեսնեն Աճեմյանի հրապարակում, կտանեն բաժին և բաց չեն թողնի։
16։35 15։10-ի սահմաններում Գյումրիի կենտրոնական հրապարակից՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի մոտից, բերման են ենթարկվել 3 քաղաքացիներ։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները նրանց տարել են «Կումայրի» բաժին։ Այս պահին ցուցարարները նստած են Վարդան Աճեմյանի անվան թատրոնի մոտ, սպասում են մինչև կլրանա ոստիկանության բաժանմունքում պահելու օրենքով նախատեսված երեք ժամը։
Մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ հիմնականում աշակերտներ, այսօր առավոտից հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի մոտ։ Շենքը շրջափակել են մոտ 40 ոստիկաններ, որոնք թույլ չեն տալիս անգամ ակցիային չմասնակցող քաղաքացիների ներս մտնել մարզպետարանի շենք։
Մոտ մեկ ժամ առաջ տեղեկություն տարածվեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները դեպի մարզպետարան գնացող ճանապարհին բերման են ենթարկել 17-ամյա Արման Գևորգյանին և տարել ոստիկանության բաժանմունք։ Epress.am-ի թղթակցի տեղեկություններով՝ նրան հետագայում ազատ են արձակել։
Որոշ ժամանակ անց հավաքվածներին է մոտեցել մարզպետ Արթուր Խաչատրյանը։ Քաղաքացիները պահանջել են պաշտոնյայից հեռացնել քաղաքացիական հագուստով ոստիկաններին։
Խաչատրյանը խոստովանել է, որ ինքն է հրաման տվել փակել շենքի դռները և քաղաքացիներին չթողնել մտնել մարզպետարան։ Նա, սակայն, չի կարողացել մեջբերել օրենքի այն կետը, որով ինքն իրավասու է արգելել մուտք գործել շենք։
Չինովնիկը հորդորել է նաև անչափահասներին քաղաքական ընթացքների մեջ չխառնվել։
Ցուցարարները ասել են մեզ, որ Գյումրիի դպրոցներում ծնողներին հորդորել են արգելել իրենց երեխաներին ցույցերի մասնակցել։
Այս պահին գնում են մարզպետարանի դիմաց հավաքված ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են դեպի Ակադեմիական և Ֆոտոն վարժարաններ՝ միանալու իրենց ընկերներին։ Տեղեկություններ կան, որ դպրոցների դռները փակ են և աշակերտները չեն կարողանում դուրս գալ։