13։00 Երևանի ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիայից հետո իրազեկման ավտոերթով անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, ապա իրենց ճանապարհը շարունակել քաղաքի ծայրամասեր։ Նրանք քաղաքացիներին հորդորել են մայիսի 15֊ին՝ առավոտյան 10։00֊ին, հավաքվել Երևանի քաղաքապետարանի մոտ և պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը։
«Մերժելով Սերժին՝ մենք միայն իր անձը չէինք մերժում, այլև ամբողջ համակարգը և ՀՀԿ֊ն։ Մենք պահանջում ենք, որ Տարոն Մարգարյանը հեռանա, քանի որ նա նախկին իշխանությունների մի մասն է։ Մենք պահանջում ենք նաև, որ քաղաքապետարանի այն աշխատակիցնեը, ովքեր տարիներ շարունակ ներքաշված են եղել կոռուպցիայի մեջ, նույնպես հեռանան», ֊ լրագրողներին ասել է ցուցարարներից մի տղամարդ։
12։00 Նախորդ շաբաթ մեկնարկած Երևանի ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակցիաները քաղաքացիները շարունակում են նաև այսօր՝ մայիսի 14-ին։ Առավոտվանից մոտ երեք տասնյակ Երևանի բնակիչներ հավաքվել են քաղաքապետարանի մոտ և մի քանի ժամ փակել են հարակից փողոցը։ Նրանք վանկարկել են՝ «Տարո՛ն, հեռացիր»։
«ՀՀԿ-ի մի մասը տեղյակ չէ, որ երկրում հեղափոխություն է սկսել, և [նրանք] շարունակում են աշխատել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում պետք է տեղի ունենար նիստ, որը մենք վիժեցրեցինք՝ թույլ չտվեցինք նրանք մտնեն այնտեղ», – ասել է ցույցի մասնակիցներից մեկը։
Ավելի ուշ Epress.am-ի հետ զրույցում նրանք ասել են, որ 10։30-ի սահմաններում Տարոն Մարգարյանը քաղաքպետարանի հետևի մուտքից աննկատ շենք է մտել։
«Մի մարդ, որը որ մերժված է ժողովրդի կողմից, ուղղակի ինքնասիրություն պետք է ուենենա ու գնա, առանց որևէ բոյկոտի», -ասել է ակցիայի մասնակիցներից մի կին։
Այժմ ցուցարարներն ավտոմեքենաներով շարժվում են դեպի Երևանի պետական համալսարանի գլխավոր շենք․ միտք ունեն գնալ բոլոր համալսարանները և ուսանողներին իրազեկել, որ վաղը նորից պատրաստվում են Տարոն Մարգարյանին մերժելու ակցիաները։
Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բազմամարդ ակցիա էր տեղի ունեցել մայիսի 10-ին։ Հավաքավածները փաստել էին, որ քաղաքապետի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում Երևանում հանրային տրանսպորտը գործել է քաղաքացիների և վարորդների համար նվաստացուցիչ ձևով՝ ապահովելով միայն ՀՀԿ-ամերձ գծատերերի հարստանալը, հանրային այգիներում մասշտաբային ապօրինի սրճարաններ են կառուցվել՝ վերացնելով կանաչ տարածքները, քաղաքի անտուն շները ենթարկվել են «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից սպանդի, հանրային խաղաղահրապարակները դարձել են վճարովի երեխաների համար:
Նույն օրը երեկոյան հաջորդ ակցիաների մասին իրազեկողներին հետապնդել և ծեծել էին։