ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատել են, որ Youtube.com կայքում այսօր հրապարակված ձայնագրությունում իրենք են զրուցում։ Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ ինքը զրույցի ժամանակ եղել է շվեյցարական Ժնև քաղաքում։
Youtube.com կայքում հրապարակված ձայնագրության մեջ զրուցակիցները քննարկում են Մարտի 1-ի գործը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հնարավոր ձերբակալության հարցը, հնչում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ մեկ այլ նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունները։ Տեսանյութի տակ նշված ամսաթիվը սեպտեմբերի 5-ն է, սակայն այն կայքի այցելուներին հասանելի է դարձել այսօր։ Կարելի է ենթադրել, որ տեսանյութը բեռնվել է սեպտեմբերի 5-ին, իսկ բացվել այսօր։
Վանեցյանի խոսքով՝ շատ տարօրինակ է, որ գաղտալսվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը․ «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի՝ ով է ձայնագրել։
Եթե չեմ սխալվում, Գլխավոր դատախազությունում հարուցված է քրեական գործ այդ փաստով և առաջիկայում կիմանանք բոլոր մանրամասները»։
Նա ասել է, որ խոսակցությունը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը դատարանում քննարկելու օրը և ՀՔԾ պետի հետ ինքը քննարկել է զուտ իրավաբանական հարցեր՝ Մարտի 1-ի գործի շուրջ։
«Հաշվի առնելով, որ դատարանի առջև կանգնած էին Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում չկա։ Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,֊ ասել է Վանեցյանը։
Նա պատմել է, որ ինքն այդ օրը ստացել էր փորձագիտական կարծիք֊հաղորդագրություն՝ կապված գործի հետ, որը պարզաբանման կարիք է ունեցել, ինչն էլ քննարկել է ՀՔԾ պետի հետ՝ որպես իրավաբան։
Սասուն Խաչատրյանն իրենց խոսակցությունը՝ առանց դատարանի սանկցիայի հրապարակելը հանցանք է որակել․ «Ես սա գնահատում եմ, որպես Մարտի 1-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ»։
ՀՔԾ պետը վերահաստատել է, որ իր կարծիքով կալանք պետք է կիրառվի Մարտի 1-ի գործով անցնող բոլորի մեղադրյալների հանդեպ։
«Ես տեղյակ եմ պահել վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ իմ կողմից միջնորդությունները ներկայացվելու են դատարան՝ նրանց նկատմամբ խաբանման միջոցը կալանք ընտրելու համար։ Ինչը արվել է նաև պարոն Խաչատուրովի դեպքում։ Այս գործով բարձրաստիճան մարդիկ են անցնում, որ ի վիճակի են խոչընդոտել քննությանը։ Վարույթն իրականացնող մարմնի կարծիքն է, որ կալանքը այս գործում կարող է արդյունավետ լինել»,֊ պարզաբանել է նա։
Արթուր Վանեցյանը նաև առաջարկել է չընկնել յուրաքանչյուր բառի հետևից առանձին, քանի որ դա եղել է ընկերական, ոչ գրական հայերենով քննարկում և բառապաշարը պաշտոնական չէ եղել։ Պատասխանելով հարցին՝ արդյոք դատավորի հետ (ձայնագրության մեջ Արթուր Վանեցյանը նշում է, որ դատավոր Հրաչը (ազգանունը չի նշվում) վախեցած զանգահարել է իրեն) զրուցել է՝ ԱԱԾ տնօրենը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ նրան չի ճանաչում և երբեք նրա հետ չի շփվել։ Նա ընդգծել է՝ եթե փորձեր ազդել դատավորների վրա, շատ֊շատ մարդիկ ազատության մեջ չէին լինի։
«Մասնավոր զրույցի ժամանակ կարող ենք մի բան ավել ասել, մի բան պակաս, գլուխ գովալ…», ֊ ասել է Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետն ասել են, որ կառչած չեն պաշտոններից և պատրաստ են հրաժարական տալ, եթե լինի նման պահանջ հասարակությունից կողմից կամ անմիջական ղեկավարությունից՝ ՀՀ վարչապետից։
Ավելի վաղ դեպքին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը