Home / Դատարան / ՔՈ կուսակցության թեկնածուի վրա հարձակվողները չպատժվեցին

ՔՈ կուսակցության թեկնածուի վրա հարձակվողները չպատժվեցին

2018 թվականի դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել էր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձիք հորդորել էին հեռանալ տարածքից, նկարելու ընթացքում խփել հեռախոսին, խլել այն։ Տարածքում եղել էր նաև ոստիկան, որը չէր միջամտել։ Տեսանյութում Մարիամ Չախոյանը ներկայացնում է դեպքի մանրամասները։

Ներկայացնում ենք նաև Մարիամ Չախոյանի մանրամասն անդրադարձը ՀՔԾ թերացումների վերաբերյալ․

1․ Վկաների ցուցմունքների արժանահավատությունը քննության չի ենթարկվել․

Գործով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաները, որոնք հիմնականում Գնթունիք խանութի աշխատակիցներ են եղել։ Դրանցից մեկի՝ Դավիթ Սարգսյանի ցուցմունքը տեղ է գտել որոշման մեջ

«Որպես վկա հարցաքննվել է Դավիթ Սարգսյանը, ով ցուցմունքով հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ գտնվել է «Գնթունիկ» սուպերմարկետում և գնումներ կատարելիս է եղել, մի պահ դուրս է եկել սուպերմարկետից ծխելու և նկատել է, որ սուպերմարկետի դիմաց քաղաքացիներ են հավաքված։ Հավաքված քաղաքացիների մեջ եղած, մոտ 40 տարեկան տղամարդու խոսելաձևից և պահվածքից իր մոտ տպավորություն է առաջացել, որ այդ տղամարդը «Եհովայի» վկա է։ Այնուհետև նույն տղամարդուն հարցրել է այդ մասին, որին ի պատասխան տղամարդը կեսկատակ հայտնել է, որ «Եհովայի» վկա է։ Ընթացքում բջջային հեռախոսը ձեռքին մի կին սկսել է տեսանկարահանել իրեն, և տեսնելով դա, նրանից պահանջել է չտեսանկարահանել, որին ի պատասխան կինը հայտնել է, որ լրագրող է, դրա համար է տեսանկարահանում։ Ինքն ամոթանք է տվել, ասել է լրագրողների անունն են վարկաբեկում և առաջարկել գնալ այլ տեսանկարահանելու։ Մոտ 30 րոպե կինն ու տղամարդը սուպերմարկետի մոտ սպասելուց հետո հեռացել են»։

Դավիթ Սարգսյանը Մարիամ Չախոյանի կողմից ՀՔԾ-ին տրամադրած 2-րդ տեսանյութում եղած տղամարդն է, և թեև որոշման մեջ նրան ներկայացնում են որպես հաճախորդ, որը խանութում գնումներ կատարելիս է եղել և դուրս է եկել խանութից ծխելու, նրա հագուստից կարելի է որոշակի եզրահանգումներ անել․հագին կա սև, բարակ վերնաշապիկ, նման խանութի մյուս աշխատակիցների վերնահագուստին, ինչն ավելի շատ հուշում է, որ նա առնչություն ունի խանութի հետ։ Բացի այդ մարդը նշում է, որ խանութի դիմաց խմբված մարդիկ է նկատել, կամ որ «մոտ 30 րոպե կինն ու տղամարդը սուպերմարկետի մոտ» սպասել են։ Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և դրանք չէին կարող հաստատվել այլ վկաների կողմից ու խաչաձև հարցումների ու քննչական այլ հունարքների միջոցով հնարավոր էր շատ հեշտությամբ պարզել սա, բայց քննչական մարմինն այս ցուցմունքի արժանահավատությունը քննության ենթարկելու փոխարեն, դրել է իր որոշման հիմքում։

«նույն տղամարդուն հարցրել է այդ մասին, որին ի պատասխան տղամարդը կեսկատակ հայտնել է, որ «Եհովայի» վկա է»․ այս հայտարարությունն արդեն ավելի լուրջ է․ Ռոբերտ Դավթյանը չէր կարող հաստատել որ եհովայի վկա է նույնիսկ կեսկատակ․ մինչդեռ նույնիսկ «կեսկատակ» բառը քննչական մարմնի մոտ որևէ կասկած չի առաջացրել։

«Գնթունիքի» երկու մենեջերների ցուցմունքները

Հայկ Կիրակոսյանը և վկա Տիգրան Հարությունյանը նշել են, որ իրենց անհայտ հաճախորդներից հայտնել են, որ խանութի դիմաց աղանդավորներ են, բայց առերեսման ժամանակ հարցրել եմ՝ իսկ դու երբ եկար, չփորձեցիր պարզել, թե ովքեր ենք, ինչին պատասխանել են՝ ոչ։ Այսինքն՝ ըստ Կիրակոսյանի ու Հարությունյանի վարկածի մեզ փորձում էին վտարել խանութի դիմացից սոսկ ենթադրություն ունենալով, որ աղանդավոր ենք։ (Առերեսման ժամանակ հարցնում եմ՝ ենթարդենք, ես չեմ ներկայացել, դու չես նկատել ձեռքիս թերթիկները, բա որ դուրս եկար, չհարցրեցի՞ր, ինչ էինք անում այդտեղ։ Ասում է՝ այո, չհարցրեցի։)

Տիգրան Հարությունյանի տված ցուցմունքի մեջբերումից տեղեկանում ենք, որ «ինքն ու սուպերմարկետի աշխատակից Հայկ Կիրակոսյանը գտնվել են այդտեղ, հաճախորդներից մեկը, ում ինքը չի ճանաչել, ընդհանուր հայտել է, որ դրսում աղանդավորները քարոզչություն են իրականացնում։ Դրանից հետո Հայկի հետ դուրս են եկել սուպերմարկետից, ապա նկատել է, որ մի կին ու մի տղամարդ կանգնեցնում են քաղաքացիներին ու զրուցում։ Հայկը մոտեցել է նշված կնոջը և հայտնել, որ գնան  քարոզչություն իրականացնեն դիմացի մայթում»։

Ուշագրավ է կարդալ հեռախոսին հարվածելու բնորոշումը և այն, որ ինքը խոստովանում է՝ վերցրել է հեռախոսը ու փոխանցել Հայկ Կիրակոսյանին․ «Մի պահ, թեքվելով և տեսնելով, որ Մարիամ Չախոյանը տեսանկարահանում է, նա ձեռքով փորձել է հեռախոսը մի կողմ տանել, սակայն Մարիամ Չախոյանի կողմից կտրուկ շարժում կատարելու հետևանքով բջջային հեռախոսը վայր է ընկել գետնին։ Ինքը բարձրացրել է բջջային հեռախոսը տվել Հայկին և միասին բարձրացել են երկրորդ հարկ»։ Նույնաբովանդակ ցուցմունք է տալիս Հայկ Կիրակոսյանը։

Այս ցուցմունքի արժանահավատությունը ևս քննչական մարմինը քննության չի առնում տեսանյութի պարզ դիտարկմամբ, թեև  տեսանյութը դիտող յուրաքանչյուր անձի մոտ կասկած չի առաջանում, որ կնոջ ձեռքին հարվածում են մեծ ուժով և հեռախոսը վնասելու դիտավորությամբ։   Վկային չեն հարցնում, թե ինչու էր հեռախոսը փոխանցում Հայկ Կիրակոսյանին, այլ ոչ թե Մարիամ Չախոյանին։

Որոշման մեջ ոջ մի տեղ չի նշվում այն մասին, որ Ռոբերտ Դավթյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ փորձել է հետ վերցնել Չախոյանի հեռախոսը, բայց այն շփոթել է Կիրակոսյանի հեռախոսի հետ, վերցրել է այն, իսկ խանութի ներսում վերադարձրել է միայն, երբ համոզվել է, որ Մարիամի հեռախոսը վերադարձրել են իրեն։ Այս տեղեկությունը թաքցնելով, քննչական մարմինը սրբագրում է Կիրակոսյանի ու Հարությունյանի գործողությունները՝ դրանք դուրս բերելով հանցավորության քողի տակից։

Մեզ անընդհատ հարցնում էին՝ իսկ ինչո՞ւ ոստիկանություն չկանչեցիք այն ենթատեքստով, որ դրա անհրաժեշտությունը չեք ունցել, դե եթե այդքան վատ էր իրավիճակը, կանչեիք։ Իսկ ո՞վ է հարցրել Գնթունքի աշխատակիցներից՝ որևէ մեկը փորձել է ոստիկան կանչել, լավ, թող հերքեին, որ ես պահանջում էի․ չէ՞ որ պնդում էին, որ իրենց սեփականության իրավունքի վրա ոտնձգություն է արվել։

2. Թվով 3 տեսագրությունից միայն երկուսի մասին է խոսվում որոշման մեջ

1․ Առաջին և երկրորդ տեսագյությունները գնահատվում են միայն այն տեսանկյունից, թե ինչ եմ հայտնել ես տեսագրության մեջ․ արդյոք հայտնել եմ, որ պատգամավորի թեկնածու եմ, եթե ոչ, ուրեմն Հայկ Կիրակոսյանի պնդումը, որ չգիտեր, ճիշտ է։ Պարզվում է, որ չեմ հայտնել։  Մինչդեռ քննիչը ընդհանրապես կարծես թե չի էլ նկատում, որ 1-ին տեսագրության մեջ Կիրակոսյանը նախ թաքնվում է տեսախցիկից, հետո հարվածում է ձեռքիս ասելով՝ «նկարում ես որ ի՞նչ անես»։  Չի նշվում, որ հեռախոսը ինձ չի վերադարձվում և դա ևս նկատելի է տեսագրությունից։ Չեն անդրադառնում կարևոր հանգամանքին, որ հեռախոսը վերադարձվել է միայն «փոխանակման» արդյունքում։

Այն, թե ինչու եմ տվել 2-րդ տեսագրությունը, կարծես թե ընդհանրապես կարևոր չի․ տվել եմ՝ նշելով, որ այդ մարդը, որը տեսագրության մեջ կա, ներսում կոպիտ է վարվել հետս, իսկ դուրսը հայհոյում էր, դրա համար եմ նկարել, որ դեմքը երևա։ Իսկ կինը ներսում «անտեր» կոչեց ինձ, դրսում էր շարունակում էր անշնորհք խոսել։

3-րդ տեսագրությունից պետք է պարզ դարռանար, թե ինչ է իրականում կատարվում խանութի ներսում: Ամեն անգամ հարցնում էի՝ ինչ եղավ: Առերեսումից առաջ քննիչն ասաց, որ տեսագրությունն արդեն կա, բայց ոչինչ չի երևում, կարևոր տեսագրություն չի: Ճիշտն ասած, շատ էի սպասում դրան, և չեմ հավատում, որ «ոչինչ չի երևում»։ Առնվազն պետք է երևար, որ տեսանելի տարբերանշաններ եմ կրում վրաս, որի առկայության պայմաններում ուղղակի անհնարին էր ինձ կամ Ռոբերտին շփոթել Եհովայի վկայի հետ։

2-րդ տեսանյութում նշում եմ՝ ես լրագրող եմ, նկատի ունենալով, որ հրապարակելու եմ տեսանյութերը և բոլորը տեսնելու են, թե ովքեր են այս խանութի աշխատողները։ Եվ ինչ, որ լրագրող եմ, դա բացառում է իմ պատգամավորի  թեկնածու լինելու հանգամանքը, կամ որ ես նշել եմ բազմաթիվ անգամ նաև դրա մասին։

3․ Ֆեյսբուքյան հրապարակումների սքրինշոթերի անտեսումը

Երբ վերադարձանք, նկատեցի, որ Գնթունիքի աշխատակիցներն ինձ արդեն գտել են ֆեյսբուքով և քննության համար «հետաքրքիր» հաղորդագրություններ թողել։ Ապարանի ոստիկանության քննիչն ինձ էլեկտրոնային հասցե տվեց, և ես դրանք ուղարկել էի նրանց, բայց հետո պարզվեց, որ ՀՔԾ-ին դրանք չեն փոխանցվել։ Ես իհարկե դրանք տվեցի նաև ՀՔԾ քննիչին։ Յուրաքանչյուր անգամ նշվել է, որ խանութի ներսում ևս մեր նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել, և որ այդ անձանցից մի քնիսն ինձ գտել են սոց․ցանցում։ Միամտաբար կարծում էի, որ այդ նյութերը ևս քննության են ենթարկվում, դա է գործն այսքան ձգելու պատճառը։ Բայց ինչպես երևում է քննիչները ընդհանրապես գործ չեն էլ ցանկացաել կատարել։ Երբ ՀՔԾ քննիչ Սիմոնյանը մի անգամ ակնարկեց, որ ախր դրանց ներգրավումը գործն անիմաստ կձգի, համակերպվեցի, քանի որ կարծում էի, որ հարկավոր է պատժել գլխավոր մեղավորին, իսկ մնացածն իրենց հետևությունները կանեն։ Բայց ինչու էին հետաքրքիր Ֆեյսբուքյան սկրինշոթերը․ դրանցից երևում է, ոչ միայն թե ովքեր են գրառումներ կատարողները (ի դեպ, դրանցից մեկը Հայկ Կիրակոսյանի քույրն է, և սա հաստատվել է հենց քրոջ ամուսնու կողմից, ով ինձ գրել էր, որ ցավում է կատարվածի համար), այլ նաև այն, թե երբ են կատարվել այդ գրառումները․ ինչից կարելի էր եզրահանգել, որ իմ անձը, կուսակցության անունը հայտնի է եղել Գնթունքին, և հենց մեր կողմից տված թերթիկների օգնությամբ են մեզ գտել։

4․ Ոստիկանության ներկա գտնվելը տարածքում

Ոստիկանությունը հենց սկզբից փորձում էր մեզանից պարզել, որ եթե վատ են մեզ վերաբերվել, ինչու չենք փորձել դիմել իրենց, ինչին պատասխանել ենք, որ տարածքում կային ոստիկաններ, սակայն միջադեպը նկատելիս նրանք նախընտրել են արագ հեռանալ։ Ապարանի ոստիկանության պետի ասելուց հետո՝ այդ ոստիկանները կհեռացվեն աշխատանքից, Ռոբերտը, ով նկատել էր ոստիկաններին, անմիջապես հետ քաշվեց։ Ասաց, որ չի կարող պնդել, որ լսել են մեր խոսակցությունը, գուցե հեռու են եղել։ Երբ ոստիիկանները հեռացան, հարցրեցի՝ ինչու այդպես ասացիր։ Պատասխաեց, որ չեմ ուզում հոգուս վրա մեղք վերցնել, թող աշխատեն, իրենք իրենց հետևությունները կանեն։ Բայց որոշման մեջ մենք տեսնում ենք, որ ոստիկանները իբրև չեն էլ եղել տարածքում, այլ մոտեցել են ավելի ուշ, երբ մենք արդեն հեռացած ենք եղել այդտեղից։

5․ Այլ կարևոր ապացույցներ

Ուշագրավ է, որ մեր կողմից փաստերի շարադրումը արժանահավատ չի համարվում, քանի որ մենք «հանդիսանում ենք գործով շահագրգիռ անձ», բայց այ, Գնթունիքի աշխատակիցներից երկուսինը և ենթադրյալ այցելուի խիստ կասկածելի ցուցմունքը քննվել է։ Փաստորեն, առկա մի շարք ապացույցներից որոշման հիմքում են դրվել երկու խումբ ապացույցներ՝ վերոհիշյալ վկաների ցուցմունքները, որոնք բնականաբար հօգուտ Հայկ Կիրակոսյանի են, և երկու տեսագրությունները, որոնցից մեկը թերի որակմամբ։ Մեր կողմից տրամադրված քարոզչաթերթիկները, կուսակցությունից Գոռ Հակոբյանի ցուցմունքը, որով վերջինս հաստատում է, որ այո, Մարիամն ու Ռոբերտը մեկնել էին Ապարան քարոզարշավի, ընդհանապես կարևոր չեն համարվել։ Ի դեպ, թերթիկներից մեկի վար իմ նախընտրական ծրագիրն էր, իմ լուսանկարով ․․․ Գործի մեջ չեն ներառվել սկրինշոթերը։ Հաշվի չի առնվել նաև Գնթունիքի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ընդունելությունը։

ԻՆՉՊԵՍ ԵՄ ԵՍ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ

Էն ինչ ունենք մենք այս որոշմամբ․սա խայտառակ, իրավապահ համակարգը խիստ վարկաբեկող թերի որոշում է մի մարմնի կողմից, որին դժվարանում ես անկախ կոչել, որին շարունակում է դուր գալ իր՝ պալատական խեղկատակի դերը։ ՀՔԾ-ն շարունակում է մնալ քաղաքականապես կախյալ մարմին։

Սա ոչ իմ անձնական խնդիրն է, ոչ էլ նույնիսկ կուսակցության, այլ մեր պետության համար խիստ կարևոր ժողովրդավարական սկզբունքի հաստատման խնդիրը։ Հայկ Կիրակոսյանին և նրա համախոհներին ոչ թե սաստեց, այլ մի բան էլ գլուխը շոյեցին՝ ասելով՝ ապրեք, գնացեք էս անգամ գլուխները կջարդեք, մենք միևնույն է ձեզ պաշտպանելու ենք մեզ հավատարիմ լինելու համար։

Սրանով իշխանությունները կանաչ լույս են վառում հետագայում իշխանության շահերը սպասարկող ցանկացած մեկի համար, ով այդ շահերը պաշտպանելիս կփորձի դիմել բռնի գործողությունների։