Կիրիլ Մարտինով, Նովայա գազետա
հոդվածը ներկայացված է կրճտատումներով
2011-2012 թվականներին մարդիկ բողոքի էին դուրս գալիս արդար ընտրությունների ու իշխանության փոփոխության համար։ Վերջին տարիների բողոքի ակցիաները հիմնականում կոռուպցիայի ճչացող դեպքերին ու անարդար քրեական գործերին էին վերաբերում։ Այսինքն նրան, որ պետությունը կոմպետենտ չէ, ձախողում է իր գործը և որևէ քաղաքացու չի ներկայացնում։ 2019 թվականի հուլիսին քաղաքականացվածության աստիճանը Մոսկվայում այնպիսի մակարդակի է հասել, որ մարդիկ պատրաստ են փողոց դուրս գալ՝ իրենց թեկնածուների՝ ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար։ Եվ այստեղ խոսքը գնում է քաղաքային խորհրդարանի ընտրությունների մասին, անցած տարիներին դրանք քչերին էին հետաքրքրում․ Մոսկվայի շարքային բնակիչը հազիվ կարողանա մայրաքաղաքի գոնե մեկ֊երկու պատգամավորի անուն նշել։
Ոստիկանական պատնեշները, որոնց ետևում, իշխանությունների կարծիքով, պետք է գոյատևի հասարակությունը, անընդհատ տեղաշարժվում են․ տարածքը դրանց ետևում ավելի է նեղանում։ Պատնեշներից այն կողմ, արդեն ամբողջ կազմով, կա իշխանություն, դրա չինովնիկներն ու ուժայինները, հարգված մարդիկ «թիմից» և երկրում մնացած քաղաքական բոլոր ֆորմալ ինստիտուտները։ Ռուսաստանում քաղաքական ներկայացուցչության աննախադեպ ճգնաժամ է ծավալվում։ Քաղաքացիներին համառորեն ապացուցում են, որ իրենք պետք է համակերպվեն իշխանությունում իրենց պատվիրակների բացակայության հետ։ Երբ Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորության թեկնածուները գնում են ընտրական հանձնաժողով՝ ապացուցելու, որ իրենց օգտին հավաքագրված ստորագրությունները ռեալ են, իրենց մահակներով ծեծում են։ Սա նշանակում է՝ մեզ առաջարկում են ընդունել հետևյալ սկզբունքը․ ինքնին անընդունելի է իշխանության հետ չհամաձայնեցված քաղաքական գործողության մասին միտքը, դա հանցագործություն է, ոտնձգություն՝ Ռուսաստանի պետական կարգի հանդեպ։
Մեզ համար կառուցված պատնեշները որոշակի իմաստով խանգարում են հենց իշխանությանը։ Արդեն, օրինակ, հնարավոր չէ այնտեղ բաց թողնել կենդանի եդինոռոսսին։ Դրա համար են Մոսկվայում բոլոր իշխանական թեկնածուներն ինքնառաջադրվածներ ձևանում։ Արշավի մեկնարկին իշխանությունները հավակնում էին մեծ քաղաքական գործիչներ լինել և իբր իրենց ձեռքում են «տեխնոլոգիաները», օրինակ, արտիստների ու մարզիկների առաջադրումը։
Բայց այժմ պարզվում է, որ այդ ամբողջ «նուրբ քաղաքական խաղը» քաղաքի բնակիչների հետ այլևս պետք չէ։ Ինչ֊որ մեկի կողմից քսի տալուց հետո, Եկատերինբուրգի ակտիվիստների մոտ խուզարկություններին զուգահեռ, որտեղ հասարակությունը, կարծես, հետ վերցրեց պուրակը, մոսկովյան բոլոր անկախ թեկնածուների մոտ «սխալ ստորագրություններ» գտան։ Այլ կերպ ասած, ճիշտ ստորագրություններն առհասարակ կարող են լինել միայն այն թեկնածուների մոտ, ովքեր հայտարարել են, թե «թմի մեջ են»։
Ֆանտասմագորիայի են նմանվում այն մարդկանց պատմություններն, ովքեր աջակցել էին թեկնածուի առաջադրվելուն, իսկ հիմա պարզեցին, որ իրենք, ՆԳՆ-ի և Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալներով, գոյություն չունեն։
Քաղաքապետարանում ու նախագահի աշխատակազմում միանշանակ մարդիկ կան, ովքեր հասկանում են, ինչի կարող է վերածվել այս՝ քաղաքական հարցի վերջնական հանգուցալուծումը, չէ՞ որ ընտրողներին ապատիայի և ընդվզման միջև ընտրություն են թողնում։ Անկախ այն բանից, թե ինչպես էր կայացվել Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից մեկում քաղաքական մրցակցության չեղարկման մասին որոշումը, սա վատ ավարտ է ունենալու։ Կրեմլում այլևս ունակ չեն և չեն կարող քաղաքականությամբ զբաղվել, սակայն այլոց էլ թույլ չեն տալիս։
Այնպես որ ռուսաստանյան ավտորիտարիզմի դեգրադացիայի նոր փուլ է սկսվել։ Եթե նախկինում ենթադրվում էր, որ Կրեմլը քաղաքական օրակարգի խորամանկ մոդերատոր է, որն ամեն անգամ հաղթում է իր բոլոր մրցակիցներին, ապա այժմ մաքրվում է ամբողջ քաղաքական տարածքը՝ երկրի ղեկավարության ու քաղաքացիների ամորֆ մասսաների միջև, որոնք երբեմն ստանում են իրենց «ներկայացվածությունն» [Պուտինի հետ] «ուղիղ գծերի» ժամանակ։ Մեծ երկրում քաղաքական գործիչ կարող է լինել միայն մեկը՝ նախագահը։