Եվս մեկ անգամ հերքելով առնչությունս [Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի] դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։
Այս մասին ֆեյբուքի իր էջում գրել է Վայոց ձորի դեռևս գործող մարզպետ Տրդատ Սարգսյանը
«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։
Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ», – գրել է Սարգսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին, իր քաղաքական թիմին, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին և ընդգծել, որ «աղոթում է Արա Մխիթարյանի ապաքինման համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու համար կալանավորվել է Վայոց ձորի մարզպետի օգնական Հ․Գ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Քննչական կոմիտեն հայտարարել էր, ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հնարավոր մասնակցությունը։