Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով պաշտոնանկ է արվել նախագահի ադմինիստրացիայի նախագահ Ռամիզ Մեխտիևը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քանի երկու տասնամյակ։
Նույն օրը Մեխտիևը՝ նախագահի հրամանով, նշանակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, որտեղ աշխատել է դեռևս խորհրդային շրջանում, նախագահ և պարգևատրվել Հեյդար Ալիևի անվան մրցանակով՝ պետական կառավարման և գիտության ոլորտներում մեծ ձեռքբերումների համար։
Մեխտիևը նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 1995 թվականից՝ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակ։
Ադրբեջանում Մեխտիևին իշխանության իդեոլոգ և գորշ կարդինալ են համարում։ Դեռևս 1981 թվականին նա Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարն էր։ Հասցրել է լինել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, իսկ անկախությունից հետո՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր։
«Նա նույնիսկ բրեժնևյան շրջանում էր իդեոլոգիայով զբաղվում, մեր տեղական Սուսլովն էր (Կոմկուսի իդեոլոգը, Լեոնիդ Բրեժնևի կառավարման շրջանի գորշ կարդինալը, խմբ․), – Բի-բի-սի-ն մեջբերում է քաղաքական տեսաբան Շահին Ռզաևի խոսքերը։ – Մեխտիևը երբեք առաջնային դերերում չի եղել, բայց կարևորագույն որոշումների մեծ մասը նրա միջոցով են կայացվել։ Այդպես էր թե՛ Հեյդար Ալիևի, թե՛ Իլհամ Ալիևի օրոք»։
Փորձագետի կարծիքով, Մեխտիևը առանցքն էր, որի շուրջ միավորվում էին մարզերը, կառավարությունն ու նախարարները։ Նա «իշխանության ավագն» էր, փորձառու ապարատավար, որից վախենում էին և որին հարգում էին։
Ռզաևը չի բացառում, որ ազդեցիկ պաշտոնյայի պաշտոնանկությունը կարող էր ավելի վաղ ծրագրված լինել, իսկ ընդդիմության ցույցերը, որոնք անցյալ շաբաթ ոստիկանության կոշտ դիմադրությանն արժանացան, կատալիզատոր դարձան նրա հեռացման համար։
Ռամիզ Մեխտիևը հայտնի է քաղաքական մենախոսություններով ու հոդվածներով, որոնցում խոսում էր արտաքին թշնամիների մասին, ովքեր վախենում են ուժեղ ու անկախ Ադրբեջանից։ Գրում էր նաև «հինգերորդ շարասյան» տարբեր տեսակների մասին, որոնց շարքում նշում էր ոչ կառավառական և իրավապաշտման կազմակերպությունները։
Իշխանության կազմում կատարվել են նաև այլ փոփոխությունններ։ Նույն օրը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է 43-ամյա Միքաիլ Ջաբարովը, ով նախկինում ղեկավարում էր հարկային տեսչությունը։ Մի քանի օր առաջ Ալիևը պաշտոնանկ էր արել վարչապետի երկու տեղակալների։
Քաղաքաբան Հիքմեթ Գաջիզադեն կարծում է, որ նախարարների փոփոխությունը չի փոխի իրավիճակը երկրում։ «Հարցն այն է, թե արդյո՞ք Ադրբեջանում մրցակցային համակարգ կձևավորվի՝ բիզնեսում, քաղաքականության մեջ և այլ ոլորտներում», – մեջբերում է Բի-բի-սի-ն։
Գաջիզաձեն չի բացառում, որ փոփոխությունները այլ տեսակի կարող են լինել․ «Հին գվարդիայի զանգվածային շորթումների համակարգի փոխարեն, այժմ տնտեսության բոլոր «յուղոտ» տեղերը նոր մարդիկ կզբաղացնեն։ Նավթը, ոսկին, շինարարական բիզնեսը վաղուց զբաղեցված են մոնոպոլիստների կողմից։ Իշխանություններն այժմ փորձում են փոխել փող աշխատելու բնույթը՝ ուղիղ շորթումների փոխարեն՝ պարզ մենաշնորհներ»։
Գաջիզաձեն չի հավատում իշխանության ներսից բարեփոխումներին․ «Մեր դեպքում ռեֆորմ կլինի ոչ մրցակցայինից մրցակցայինի անցումը, ինչը ես չեմ տեսնում»։
Ամիսներ առաջ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը Բաքու այցի ժամանակ հանդիպել էր ոչ թե իր պաշտոնակցին, այլ հենց Մեխտիևին։ Այս փաստը հետազոտողների ուշադրությունը գրավել էր նրանով, որ այն ևս մեկ անգամ հաստատում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի կապը Մոսկվայի հետ։
Բի-բի-սի-ին տված հարցազրույցում Նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ Մուբարիզ Ահմեդօղլուն նշեց, որ Ռամիզ Մեխտիևը՝ երկար տարիներ լինելով երկրի համար մեկ պաշտոնյան, հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի քաղաքականության ձևավորման գործում։
Ահմեդօղլուն հերքեց Մեխտիևի՝ Ռուսաստանի մարդը լինելու մասին տեղեկատվությունը։ «Այլ հարց է, որ Ադրբեջանի հիմնական քաղաքական գիծը, ինչպես դրական, այնպես էլ բացասական առումներով կապված է Ռուսաստանի հետ։ Տարածաշրջանի ընթացիկ պրոցեսները Ռուսաստանի թելադրանքով են ընթանում։ Ռամիզ Մեխտիևը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերահսկամամբ զբաղվողներից էր», – ընդգծում է Մուբարիզ Ահմեդօղլուն։