Home / Հայաստան / Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում

Ադրբեջանի ներկայիս խորհրդարանը կշարունակի գործել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումը, սակայն նոր օրենքներ ու որոշումներ չի կայացնի։

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Դրանք կկայանան շուրջ երեք ամիս անց, սակայն հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Ի սկզբանե, Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախանշված էին 2020 թ-ի նոյեմբերին, հայտնում է Jam-news֊ը։

Իրադարձությունների ժամանակագրությունը

Նոյեմբերի 28-ին «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունն առաջարկել էր ցրել խորհրդարանն ու նոր պատգամավորներ հավաքել, որպեսզի այդպիսով սատարի նախագահի քաղաքականությանն ու անցկացվող բարեփոխումներին։

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանը (որը հիմնականում կազմված է «Ենի Ազերբայջանի» անդամներից) գրեթե միաձայն սատարել է այս նախաձեռնությանն ու նախագահին համապատասխան դիմում է ուղարկել։

Նույն օրը նախագահը հարցում է արել Սահմանադրական դատարան, և դեկտեմբերի 4-ին դատարանը որոշել է, որ առաջարկը համապատասխանում է սահմանադրությանը։

Ի՞նչ է լինելու

Ներկայիս խորհրդարանը կշարունակի աշխատել ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը, սակայն նոր օրենքներ և որոշումներ չի ընդունի։

Ընդդիմության մի մասն ակտիվորեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների մասնակցությանը՝ դա խորհրդարանում հայտնվելու շանս համարելով։

Մյուս ընդդիմադիրները պատրաստվում են բոյկոտել ընտրությունները, քանի որ վստահ են, որ դրանք ժողովրդավարական և արդար չեն լինելու։

Ըստ ամենապոպուլյար ոչ պաշտոնական վարկածի՝ կատարվածն իշխանությունը նախագահ Իլհամ Ալիևից նրա տիկնոջը՝ Մեհրիբան Աիևային, փոխանցելու փուլերից մեկն է, այժմ նա առաջին փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում։