Մանկատան ևս 47 շրջանավարտ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր: Այս մասին տեղեկանում են նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերից՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո: Որոշումը վերաբերում է մանկատան 300 շրջանավարտների: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 1.9 մլրդ դրամ՝ իր խնայողությունների հաշվին:
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ: Իսկ էժան բնակարան գնելու դեպքում շրջանավարտները մնացած գումարով կարող են կահավորել այն։ Վկայագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ․ դեկտեմբերի 20-ը։