Մայիսի 11-ի՝ առավոտյան 11։00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3392 դեպք, որոնցից 1359-ը՝ արդեն առողջացած, 46-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսով վարակված ևս 17 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է «այլ պատճառներով»: Վերջին մեկ օրվա մեջ վարակի 79 նոր դեպք է արձանագրվել, 34 հոգի ապաքինվել է, մեկը՝ մահացել։ 1970 հոգի փաստացի բուժման մեջ է։ Այս մասին հաղորդել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ՝ մայիսի 10-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ներգրավված ամենամեծ հիվանդանոցն է Հայաստանում․ այստեղ են հոսպիտալիզացվել ամենաշատ թվով պացիենտները և ամենածանր վիճակում գտնվողները։
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից նախարարը ուղիղ եթեր էր դուրս եկել՝ ներկայացնելու այս պահին ԲԿ-ում տիրող իրավիճակը․
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/591551788152654/
Բժիշկների փոխանցմամբ, այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 45 հիվանդ՝ ծանր և ծայրահեղ ծանրվիճակում։ Այլ բաժիններում ևս կան ծանր հիվանդներ, ընդհանուր թվով` շուրջ 70, և նրանցից շատերի մոտ դրական դիանամիկա չի արձանագրվում։
Վերակենդանացման բաժանմունքում բոլոր տեղերը, ըստ ԲԿ-ի աշխատակիցների, զբաղված են։ «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում, և այս պահին ազատ տեղ չկա», – հավելեց Արսեն Թորոսյանը։
Նշվեց նաև, որ ծանր հիվանդների մոտ ուղեկցող հիվանդություններից ամենաշատը հանդիպում են շաքարային դիաբետն ու զարկերակային գերճնշումը։
Ավելի վաղ նախարարը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանը այս պահին գտնվում է դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:
Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը՝ 112, 163, 102, 145, 146, 138, 79: Ապաքինման դեպքերը՝ 40, 24, 50, 33, 49, 58, 34։ Մահացած մարդկանց տարիքը՝ 27, 47, 48, 55, 58, 58, 61, 62, 64, 65, 65, 66, 66, 66, 67, 67, 68, 68, 69, 69, 71, 71, 72, 72, 73, 73, 74, 75, 78, 78, 78, 79, 79, 80, 80, 81, 81, 82, 83, 84, 86, 87, 88, 89, 90, 93: