Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում թեկնածուներից, ինչպես նաև կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել:
Ըստ ԱԱԾ-`ի ներգրավված է եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների ընտրակաշառքներ:
Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, առգրավվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողներին, ակտիվիստներին տված գումարների չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարել առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ, նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ-ի՝ ուշագրավ է հատկապես այն, որ, ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ընթացքում իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում և կուսակցության մի շարք անդամների բնակարաններում։ Դրան զուգահեռ համացանցում հայտնվել էին 2017 թվականին Գեղարքունիքի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից բաժանված ենթադրյալ ընտրակաշառքի հաշվետվության լուսանկարները․ հաշվետվության փաստաթղթում նշված է, մանսավորապես, բաժանված ընտրակաշառքների չափը (1 ձայնի դիմաց 10 հազար դրամ), ակտիվիստներին բաժանված գումարները, չապահովված ձայների փոխհատուցման չափը և այլն։
Ծառուկյանի առանձնատան բակում բողոքի ցույց էր․ տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ԲՀԿ-ական պատգամավորներ, հավաքվել էին դղյակի մոտ՝ համերաշխություն հայտնելու իրենց առաջնորդին։
Տեղեկություններ էին շրջանառվում, որ Ծառուկյանին պատկանող«Արարատ ցեմենտ»-ի, «Կոնյակի գործարան»-ի, «Առինջ մոլ»-ի և մի շարք այլ կառույցների աշխատակիցներ հրահանգվել է միանալ Ծառուկյանի տան մոտ հավաքված մարդկանց:
Խուզարկությունից հետո Ծառուկյանը գնաց հարցաքննության․ «ճանապարհին»՝ իր դղյակի բակում, կարճ ելույթ ունեցավ, մեկնաբանեց իրավիճակը․ «Այսօրվա գործողությամբ ուզում են ճնշում գործադրել, շանտաժ: Որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնի: ․․․Սա քաղաքական ճնշում է, բայց անբարոյականի տղա լինի նա, ում կկարողանան ճնշել: Ինչպես 2015 թվայկանին, այնպես էլ հիմա կարող ենք բոլոր մարզերի քաղաքացիներին հավաքել: ․․․Ինքը պատասխան է տալու օրենքի, ժողովրդի եւ իմ առաջ: Ես սա երբեք չեմ մոռանա», – հայտարարեց Ծառուկյանը: Ավելի ուշ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ բերման են ենթարկվել Գեղարքունիքի մարզում բոլոր կուսակցական պատասխանատուները։
ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդել էր նաև, որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, ապօրինի խաղատուն գործարկելու, պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր, որոնք ևս կապված են ԲՀԿ-ական առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության` Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում 2010 թ.-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի խաղատուն և շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների սահմաններում, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.3770 հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61 միլիարդ 146 միլիոն 139 հազար 340 մլրդ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին:
Արդյունքում ծրագիրն ստացել է կառավարության հավանությունը, և թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:
Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ.-ին ստացել են Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29 միլիարդ 750 միլիոն դրամի վնաս:
Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով) և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ: