Օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Միրանյանը, որից հետո Ախալքալաքում անկարգություններ են սկսվել: Տեղում մոբիլիզացված էին հատուկ ջոկատայիններն ու ոստիկանական ուժերը:
https://youtu.be/Ggk-18W8LPc
Jnews-ը զրուցել է ականատեսների հետ, որոնցից մեկի խոսքով, օգոստոսի 8-ին սպանությունից առաջ՝ առավոտյան և կեսօրին երկու անգամ վիճաբանություն է եղել՝ Կուլիկամցիների և Արթուր Գաբրիելյանի և ընկերների միջև: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Կուլիկամ գյուղից մի երիտասարդի են քաղաքում ծեծել և վիրավորել, որից հետո Կուլիկամի երիտասարդները եկել են քաղաք պարզաբանելու: Սակայն, ինչպես երևում է, կողմերը չեն կարողացել մինչև վերջ հարցերը պարզել և արդեն երեկոյան մոտավոր ժամը 19:00-ից հետո քաղաքի հենց կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակի վրա, փողոցի մեջտեղում հրազենային կրակոցից սպանվել է Միրանյանը: Ականատեսներից մեկի պատմելով, միջադեպից ընդամենը րոպեներ առաջ ինքը զրուցել է սպանվածի հետ, որին ծանոթ էր, հարցել է՝ ի՞նչ է անում քաղաքում, ի՞նչ կա-չկա, սպանվածն ասել է, որ քաղաք է եկել գյուղի ճանապարհի ասֆալտապատման հարցով և որ ամեն ինչ կարգին է: Սակայն այս կարճատև զրույցից ընդամենը մի քանի րոպե անց,փողոցի մեջտեղում նա սպանվել է:
Մեկ այլ ականատեսի խոսքերով, դեպքն այնքան արագ է եղել, որ նույնիսկ չեն հասկացել՝ ինչ է կատարվում։ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատեր Արթուր Գաբրիելյանը կրակել է սպանվածի ուղիղ սրտին․ նրան անմիջապես տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, որտեղ էլ նա մահացավ: Կրակոցները շարունակվել են նաև հիվանդանոցի բակում, Ա. Գաբրիելյանը և ընկերները խոչընդոտել են, և կրակի տակ են պահել սպանվածին տեղափոխող մեքենան, հիվանդանոցի դարպասների մոտ երիտասարդին տեղափոխող մեքենան շրջվել է: Արդեն հիվանդանոցի բակում առավոտվանից սկսված իրադարձություններին փորձել է միջամտել ոստիկանությունը:
Կուլիկամցիները փորձել են վրեժխնդիր լինել՝ այրելով Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հոր՝ Սամվել Գաբրիելյանի սեփական տունը, ինչպես նաև Գաբրիելյաններին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցը: Այրել են նաև սպանության մասնակիցների՝ Գենա Զարմարյանի և Կլիմենտ Քոսյանի տները, որոնք Արթուր Գաբրիելյանի ընկերներն են: Հատկանշական է, որ բոլոր այրված տներում մարդ չի եղել և ոչ ոք չի տուժել:
Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ պարզ վիճաբանությունը պարզապես հարմար առիթ է եղել վրեժխնդիր լինելու: Բանն այն է, որ ըստ խոսակցությունների՝ մոտավոր 3-4 տարի առաջ կուլիկամցիները խնդիր են ունեցել «ԱրտՍեգ» հյուրանոցի տնօրինության հետ: Այդ ժամանակ միջադեպը հարթվել է, սակայն Արթուր Գաբրիելյանը սպառնացել է:
Թե ինչի սպանության և սպանության նախորդած երկու վեճերին չի խառնվել ոստիկանությունը պարզ չէ: Քաղաքում պնդում են, որ եթե ժամանակին ոստիկանությունը միջամտեր, ապա անդառնալի կորուստ չէր լինի, գրում է կայքը։
Սպանությունից անմիջապես հետո Ախալքալաքում մեծ թվով հատուկ ջոկատայիններ ու ոստիկանական ուժեր են կուտակվել: Ախալքալաքում էր նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Քաղաքում անկարգությունները հանդարտվել են հատուկ ջոկատայինների և ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակումից հետո միայն։
Այժմ նշված բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակ է։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:
ՆԳՆ հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից մեկը ձերբակալվել է՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Փնտրում են այն երիտասարդներին, ովքեր նախօրեին ջարդուփշուր են արել և հրկիզել հյուրանոցն ու 4 սեփական տները: